Այս տարի Ադրբեջանում արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 1 միլիարդ եվրոյով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին Ադրբեջանում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1.8 միլիարդ մանաթ (1 մանաթը մոտավոր հավասար է 1 եվրոյի):
Դա 1 միլիարդ մանաթով զիջում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշին: Միևնույն ժամանակ 1.4 տոկոսով աճել է արդյունաբերական բնույթի ապրանքների ու ծառայությունների արտադրությունը: Այս տվյալները ներկայացրել է Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն:
Նախորդ ամիս Ադրբեջանում արդյունահանվել է 3.7 միլիոն տոննա հում նավթ և 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը համապատասխանաբար 0.1 միլիոն տոննայով ու 0.2 միլիարդ խորանարդ մետրով ավելին է՝ համեմատած 2014 թվականի հունվարի հետ:
Նավթագազային ռեսուրսների շահագործումից ստացվող եկամուտների նվազման պատճառով արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռն արդյունաբերական արտադրության կառույցում նվազել է մինչև 58.1 տոկոսի, մինչդեռ նախորդ տարվա հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 72.7 տոկոս: Դրան զուգահեռ վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը 19.7 տոկոսից աճել է մինչև 30.2 տոկոսի: