Հայ-թուրքական արձանագրությունները և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում վաղուց թաղված էին. Չենգիզ Աքթար

«Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ չէր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականին, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում՝ թաղված, ավելի ճիշտ՝ մահացած էին վաղուց:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի այդ որոշումը ոչինչ չի փոխի իրավիճակում, դա պարզապես հասունացած քայլ էր Հայաստանի տեսանկյունից: Իրականում, որևէ մեկը Թուրքիայում չէր էլ մտածում, որ հայկական կողմը Թուրքիայի նկատմամբ որևէ ժեստ կիրականացնի հատկապես այս տարի և կսկսի վավերացնել արձանագրությունները:

Ուստի, ես կարծում եմ, որ սա անակնկալ որոշում չէր, ավելին, բոլորս եկել ենք այն համոզման, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր օրակարգ է անհրաժեշտ մշակել, իսկ այդ հարցում էական է Թուրքիայի դերը»,- մեկնաբանեց Չենգիզ Աքթարը:

Թուրք պատմաբան, քաղաքական վերուծաբան Աքթարը գտնում է, որ իսկապես հրաշք է պետք հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց տեսնելու համար: «Ես չեմ կարծում, որ այս տարի ինչ-որ փոփոխություն տեղի կունենա, քանի որ ամեն ինչ կախված է ապագայում Թուրքիայի քաղաքականությունից, իսկ իրավիճակն իշխանությունների համար նեղ է, իշխանություններն իրենց քայլերով այլ բան են ապացուցում, որ չեն պատրաստվում առերեսվել պատմության հետ, և, ես չեմ կարծում, թե իշխանություններն իսկապես պատրաստ են որևէ քայլի գնալ Հայաստանին ընդառաջ` հատկապես, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում ընտրություններ են, և երկրում ներքաղաքական գործընթացներ են սպասվում»,- ասաց Աքթարը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս