
Սաակաշվիլին Պորոշենկոյի հրամանով պաշտոն է ստացել Ուկրաինայում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հրաման է ստորագրել Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի ստեղծման մասին և դրա նախագահ է նշանակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի հիմնական առաջադրանքն Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու համար համապատասխան առաջարկներ մշակելն ու ներկայացնելն է` հենված միջազգային փորձի վրա:
Խորհուրդն օգտվելու է օտար փորձագետների ծառայություններից` ուկրաինական օրենսդրությունը բարեփոխելու, ինչպես նաև Ուկրաինայի միջազգային աջակցության մակարդակը բարձրացնելու համար:
Պորոշենկոն հայտարարել է, որ իրենք երկար ժամանակ մտածել են, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել Միխեիլ Սաակաշվիլու գիտելիքները, փորձն ու բացառիկ նոու-հաուն. «Վրաստանում նա կարողացավ փաստացիորեն բարեփոխել տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտները»:
Պորոշենկոյի խոսքերով` Սաակաշվիլին կդառնա նաև արտերկրում Ուկրաինայի ներկայացուցիչ և միաժամանակ Ուկրաինայում միջազգային հանրության ներկայացուցիչը: