«ՀՀԿ-ում մականուն ունեցողները կուսակցություն չեն ղեկավարում, հրամցված տարբեր տեքստեր չեն կարդում, հետո հորանջում, քնում». Արմեն Աշոտյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

«Երբ անցնում են ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով, երկու դեպքն էլ վատ է, իսկ վերջինը խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության տարրական ընկալման բացակայության մասին»,-նման հայտարարություն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո արեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ այսօր հերթական անգամ ասվեց այն, ինչ բոլորը գիտեին. «Ժամանակն է ՀՀ քաղաքական դաշտը պարզեցնել, բյուրեղացնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, թողնել մարդկանց, ովքեր վաղը կարող են երկիր ներկայացնել և լինել ոչ թե «դոդի գագո», այլ լինել «պարոն այսինչյան»»:

Ա. Աշոտյանը նշեց, որ սա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չէ միայն, այլ սա ՀՀԿ դիրքորոշումն է՝ այն ամենի հանդեպ, ինչ շաղախված է տգիտությամբ, փուչ մականուններով: Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ում մականուն ունեցողները կուսակցություն չեն ղեկավարում, հրամցված տարբեր տեքստեր չեն կարդում, հետո հորանջում, քնում: Դիտարկմանը, որ նման մարզպետ կա, Ա. Աշոտյանն ասաց՝ «շեղում ենք»: Թե ինչո՞ւ հիմա նման որոշում ընդունվեց, մի՞թե նախկինում չգիտեին ով՝ ով է, Ա. Աշոտյանը բացատրեց, թե չափից դուրս և երկար ժամանակ են հանդուրժողական եղել:

«Ո՞վ չի իմացել, որ ԲՀԿ-ն ստեղծվել է նախկինում որպես նախագահական աշխատակազմի իշխանական պրոյեկտ, որի նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը և այժմ ապահովել երկրորդ նախագահի ներկայությունը ՀՀ քաղաքական ներկապնակում,- ասաց Աշոտյանն ու հայտարարեց, թե վիրավորական է նույնականացման նշան դնել Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, քան իոր Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է,- Սա վիրավորանք է, եթե հավասարության նշան դրվի»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե ի՞նչ կապ կա Գագիկ Ծառուկյանի հանդեպ դիրքորոշման այս փոփոխության և Ռոբերտ Քոչարյանի վերադարձի միջև, Աշոտյանը պատասխանեց, թե նման «կոնսպիրոլոգիական» սխեմա, որ Ծառուկյանին հեռացնեն, որպեսզի Քոչարյանը վերադառնա, անիրական, բայց շատ հետաքրքիր վարկած է:

Տեսանյութեր

Լրահոս