Զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան գործով ձերբակալվել է ավագ լեյտենանտ
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ/:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին