«Ժողովուրդը գոռում էր՝ չե՞ք ամաչում, կնիկ, երեխու հետ է, մեկը ասաց՝ լավ ենք անում, դրա համար էլ ուզում ենք հանենք, դուրսը սատկացնենք»

Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ 2014թ. մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով այսօր ցուցմունք տվեցին վկաները:

Վկա Արկադի Բաղդասարյանը դատարանում ասաց, որ զբաղվում է առևտրով, դեպքի օրը՝ 2014թ. մայիսի 17-ին, գտնվել է Վերնիսաժում, ժամը 13:00-ի սահմաններում ձայներ է լսել, պտտվելով ձայների ուղղությամբ՝ տեսել, որ մոտ 4 հոգով մի անձի տանում էին դեպի սպիտակ X6 մակնիշի ավտոմեքենայի մոտ, որը կանգնած է եղել բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դիմաց: «Մոտեցա, ահագին մարդիկ կային հավաքված: Մարդկանց միջով անցնելով՝ տեսա, որ իմ տեսած այդ անձը և մեկ հոգի ծեծում են մի տղայի: Մի սև «Toyota» էլ կար կանգնած, այդ «Toyota»-ի դիմացից ծեծելով տարան մի փոքր այն կողմ:

Վիճաբանություն, կռիվ էր գնում, խփում էին, հայհոյանքներ էր գնում: Այնպես ստացվեց, որ հավաքված ժողովուրդը կարողացան պահել այդ երկու ծեծողներին: Մեկը եկավ, նստեց այս սև «Toyota»-ի ղեկին: Վայրկյանների ընթացքում նորից կարողացան ազատվել ժողովրդից այդ երկուսով ու հարձակվեցին մեքենայի վրա, ուզում էին մեքենայի դռները բացելով՝ իջեցնել, բայց կարծես թե փակ էր, չէին կարողանում»,- դատարանում պատմեց վկան՝ նշելով, որ վիճաբանողներից մեկը փորձել է վարորդին դուրս հանել ավտոմեքենայից, սակայն չէր կարողանում:

«Այդ ժամանակ ժողովուրդը գոռում էր՝ չե՞ք ամաչում, էս ի՞նչ եք անում, կնիկ, երեխու հետ է: Մեկը ասաց՝ լավ ենք անում, դրա համար էլ ուզում ենք հանենք, դուրսը սատկացնենք»: Որոշ ժամանակ անց, նրա խոսքով, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մի քանի անգամ կրակել է:

Կարդացեք նաև

Հետագայում վկան հստակեցրեց, որ ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը ծեծել են Գոռ Առաքելյանին, նաև հայհոյել են, Գոռ Առաքելյանն էլ է հարվածել, բայց նա «ավելի շատ պաշտպանվում էր»:

Մեղադրողի հարցին՝ արդյոք Գոռ Առաքելյանի կողմից հայհոյանքներ լսե՞լ է, վկան պատասխանեց, որ չի լսել: Վկան ասաց, որ Գոռ Առաքելյանը մեկ անգամ կրակել է Ներսես Մելքոնյանի ուղղությամբ, որից հետո վերջինս առաջ է եկել, ապա ևս երկու կրակոց է հնչել:

Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ ուղղություն է ունեցել Գոռ Առաքելյանի ձեռքն առաջին կրակոցի դեպքում: «Ձեռքի ուղղությունը ոտքերի մոտ էր: Եթե ուզենար, պիտի բարձր պահեր, որ վերև կրակեր»,- ի պատասխան՝ ասաց վկան:

Երեմ Սարգսյանի հարցին՝ արդյոք այդ ընթացքում եղե՞լ է իրադրություն, երբ Գոռ Առաքելյանը զենքը բարձրացնի Ներսես Մելքոնյանի գլխի, կրծքավանդակի հատվածում, փորձի կրակել: Ի պատասխան՝ վկան ասաց՝ ոչ: Հարցին՝ արդյոք կա՞ր որևէ խոչընդոտ, որ Գոռ Առաքելյանը չէր կարող այդ ուղղությամբ կրակել և ստիպված է եղել ներքև կրակել, վկան պատասխանեց. «Ոչ, հանգիստ, բաց տարածք է»:

Պաշտպանի հաջորդ հարցին, թե Գոռ Առաքելյանն ինչ հոգեկան վիճակում էր, վկան պատասխանեց. «Ավելի շատ խառնված էր իրար, երևի չէր հասկանում, թե ինչ էր կատարվում»: Դատավորը նշեց, որ, փաստորեն, վկայի ամբողջ ցուցմունքն այն մասին է, որ ամբաստանյալ Գոռ Առաքելյանը նպատակ չի ունեցել Ներսես Մելքոնյանին կամ Վալերիկ Հովհաննիսյանին սպանել կամ ծանր վնաս պատճառել, և հետաքրքրվեց, արդյոք դա նրա տպավորությո՞ւնն է, թե՞ իրականում այդպես է եղել: «Իրականում այդպես էր: Բայց 4-5 մետրից որ ուզենար, հաստատ կխփեր: Խանգարող հանգամանք չկար»,- պատասխանեց վկան:

Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն էլ ասաց, որ վկան նախկին ոստիկան է, մարմնակազմությամբ էլ փոքր չէ, և հետաքրքրվեց՝ կա՞ր արդյոք խնդիր, որ նա չի միջամտել, փորձել կանխել կատարվածը: «Բացի ինձանից, լիքը մարդիկ կային, որ ուզում էին հանդարտեցնել բայց չէին կարողանում: Հնարավոր չէր»,- պատասխանեց վկան:

Դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, ճանաչման, առերես հարցաքննությունները: Առաջին և լրացուցիչ հարցաքննությունների արձանագրությունների հրապարակումից հետո մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք սրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ինքն այլ ցուցմունք էլ է տվել և հիմնավորել, թե ինչու է հայտնել որոշ հանգամանքներ, որոնց մասին նախկինում չի հայտնել:

Մեղադրողի նույնաբովանդակ հարցին վկան պատասխանեց, որ ցուցմունքներում հանգամանքներ կան, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ նա նշեց, որ չի տեսել տարեց մարդու ընկնելու պահը, չի տեսել նրա հետևից կրակելը: Վկայի խոսքով՝ երբ իրեն կանչել են Ոստիկանություն՝ ցուցմունք տալու, գնացել է օպերների մոտ, նրանք ինֆորմացիա են ունեցել, որ այդպես է պատահել դեպքը, և ինքն այդ պատճառով է այդպես գրել: Գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ մեկն ուղղորդե՞լ է նրան, ինչին ի պատասխան՝ վկան ասաց. «Դա իմ անձնական հարցն է, ես չեմ ուզում քննարկել»:

Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ առաջին ցուցմունքում վկան նշել է, որ Գոռ Առաքելյանն իջել է մեքենայից, ձեռքը բարձրացրել իր առջև կանգնած անձի ուղղությամբ և կրակել, իսկ երկրորդ ցուցմունքում նշել է, որ մեքենայից իջել է, ատրճանակը պահել այդ տղայի ոտքերի ուղղությամբ և կրակել:

Փաստաբանը հետաքրքրվեց, թե իրականում որ ուղղությամբ է կրակել Գոռ Առաքելյանը: Վկան ի պատասխան՝ ասաց, որ առաջին կրակոցը եղել է ոտքերի դիմաց, որից հետո նոր կրակվել է ոտքերի ուղղությամբ: Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ վկան տեսե՞լ է, որ Գոռ Առաքելյանը ձեռքը բարձրացնի իր դիմաց կանգնած անձի ուղղությամբ ու կրակի: «Ոչ»,- պատասխանեց վկան: Փաստաբանն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ առաջին ցուցմունքում նման բան է գրել, եթե չի տեսել: «Երևի լրացուցիչ հարց չեն տվել, որ պարզեն՝ ուղղությամբը՝ ի՞նչ ի նկատի ունեմ»,- պատասխանեց վկան: Փաստաբանի հարցին՝ արդյոք մինչև հարցաքննությունը վկայի հետ Ոստիկանության աշխատակիցներ շփվե՞լ են, վկան պատասխանեց, որ «եղել է, որ կանչել են, զրուցել ենք», սակայն արձանագրություն չի կազմվել: Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ վկայի այդ անմիջական շփման մեջ են եղել ոստիկանները, վկան պատասխանեց, որ չի կարող ասել:

Դատարանում հրապարակվեցին վկայի մյուս ցուցմունքները ևս: Ճանաչման ներկայացնելու արձանագրության մեջ նշված էր, որ վկա Արկադի Բաղդասարյանին ճանաչման է ներկայացվել 4 անձ, որոնցից մեկը եղել է Գոռ Առաքելյանը: Հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է 4 անձանցից մեկին, վկան պատասխանել էր, որ ճանաչում է նրանցից Գոռ Առաքելյանին, նրան շատ է տեսել Վերնիսաժում, 2014թ. մայիսի 17-ին Վերնիսաժում երկու անձը հարվածել է Գոռին և հայհոյել նրան:

Ըստ արձանագրության՝ վկան հայտնել էր, որ Գոռը ցանկացել է նստել իր ավտոմեքենան, սակայն նստելուց հետո վիճաբանողները ցանկացել են բացել դռները, փորձել են հետևի կիսաբաց պատուհանից դուրս հանել նրան, հավաքվածները փորձել են նրանց մի կողմ տանել, ասել, որ նրա կինն ու երեխան ավտոմեքենայի մեջ են, սակայն տղաներից մեկը հայտարարել է. «Դրա համար էլ իջեցնում ենք, դուրսը սատկացնենք»: Ըստ արձանագրության՝ վկան նկարագրել էր նաև կրակոցների պահը:

Հետագայում մեկ այլ հարցաքննության ընթացքում քննիչը վկային հարցրել էր, թե ինչո՞ւ է դեպքը հարցաքննությունների ընթացքում տարբեր կերպ ներկայացրել: Ի պատասխան՝ վկան հայտնել էր. «Ես նախաքննության ընթացքում տվել եմ ցուցմունք, որին լրացում եմ արել ճանաչման օրը: Չեմ հայտնել այդ մանրամասները, քանի որ դեպքից քիչ անց լուրեր էին շրջանառվում, որ սպիտակ X6-ով եղել են Ախլքալաքցիք, որոնցից մեկն օրենքով գող էր, թե ուզում էր դառնալ: Չցանկանալով ունենալ նրանց հետ խնդիրներ, քանի որ ունեմ ընտանիք, չէի ցանկանում ունենալ խնդիրներ, որպեսզի ինչ-որ կերպ չվնասեմ նրանց անվտանգությանը, և չէի ասում, քանի որ ես նրանց ձեռքին չեմ տեսել զենք, այլ միայն լսել էի»:

Երեմ Սարգսյանը վկային հարցեց, թե ինչպե՞ս եղավ, որ ճանաչումից հետո նոր հանգամանքներ է հայտնել: «Ընդհանուր, Գոռին երբ տեսա բերդում, վերհիշեցի իր ամբողջ ապրումներն այդ ընթացքում, ինչ տեսել եմ, դրա համար էլ չկարողացա այդ ամեն ինչը պահել ու լրիվ մանրամասն պատմեցի»,- ասաց վկան: Ի դեպ, նա նշեց, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներ են եղել: Փաստաբանի հարցին, թե ի՞նչն էր դրա պատճառը, վկան պատասխանեց. «Չգիտեմ: Ասում էին՝ կեղծ ցուցմունքներ ես տալիս: Ես էլ ասում էի՝ եթե դուք ավելի մանրամասն գիտեք, որ այդտեղ եք եղել, էլ ինչո՞ւ եք ինձ կանչում, էդքան խնդրում, որ ես գամ ցուցմունք տալու»:

Տեսանյութեր

Լրահոս