Ջահերով երթ՝ դեպի Արարատ լեռան գագաթը
Նախքան «Նատուրա տուր» տուրիստական ընկերության տնօրեն և «Ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթը» նախագծի հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանի հետ հարցազրույցին անդրադառնալը, ներկայացնենք այդ չափազանց բարդ նախագծի համառոտ ծրագիրը, որը պատրաստվում է կյանքի կոչվել այս ամռանը:
Ծրագրի համառոտ նկարագրություն
Արդեն հարյուր տարին բոլորեց նախորդ դարասկզբին մեր ազգին պատուհասած Մեծ եղեռնի, որի հետևանքով ունեցանք կորուսյալ հայրենիք, աշխարհով մեկ սփռված հայություն, և, որ ամենասարսափելին է՝ 1.5 միլիոն զոհ: Ցավալի է, որ մինչ օրս ոճրագործը մնացել է անպատիժ: Մեր միջոցառմամբ նպատակ ունենք ընդվզել պատմական լռության դեմ, ոգեկոչել հետցեղասպանական հասարակությանը, խթանել հայրենաճանաչությունը՝ ամուր բռնելով հայրենատիրության գաղափարախոսությունը` արթնացնել պահանջատիրական ընկալումը:
Ազգային ոգին բարձրացնելու նպատակով Արարատ լեռան լանջերին և գագաթին կհնչեցնենք մեր ավանդական, ազգային երգն ու պարը, մեր 100 հայրենակիցներով ձեռք ձեռքի տված կհաղթահարենք Արարատ լեռան վերելքի բոլոր դժվարությունները, համախմբված մի գաղափարի և մի նպատակի շուրջ. այն է՝ ապացուցել աշխարհին, որ կանք և պահանջատեր ենք, և դեռ կգա այն օրը, որ հայկական բառ ու բանը, երգ ու պարը կհնչեն մեր մեծ հայրենիքի ամեն անկյունից:
Ծրագրի էությունը
100 հոգանոց խմբով բացառիկ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ: Ազգային-ավանդական երգ և պարի հանրաճանաչ համույթներով, ինչպես՝ հայաստանյան այնպես էլ՝ սփյուռքի տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցությամբ կիրականացնենք մշակութային միջոցառումներ, Արարատ լեռան գագաթին կհնչի դաշնամուրային կատարում: Պատմական կարևորագույն անցքերի ներկայացում, որտեղ ներկա կլինեն հայրենակիցներ Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից : Խմբի մեջ ներառելու ենք հանրաճանաչ պատմաբանների, գիտնականների, քաղաքագետների, արվեստագետների, մտավորականների և հոգևորականների:
Ծրագրի նպատակը
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 100 հոգանոց խմբի անխոչընդոտ վերելքն Արարատ լեռան գագաթ: Արարատ լեռան 4200մ ճամբարից մինչև գագաթ ջահերով վերելք, որը նկատելու է հազարավոր տուրիստների մի մեծ բազմություն և իմանալու է հիմնական նպատակի մասին. այն է՝ մենք հիշում ենք նախորդ դարասկզբի անբանական ոճրագործությունը և դատապարտում ենք:
– Հովհաննես, կպատմե՞ք Ձեր գործունեության մասին:
– Զբաղվում եմ ներգնա տուրիզմով, համարում եմ, որ մեր երկրի համար դա ամենաշահավետ գործոնն է, որովհետև վաճառում ես միայն տեսարաններ, որը որպես բնական ռեսուրս՝ երբեք չի սպառվում: Իսկ գումար բերել արտերկրից ՝ հայրենիք, ասել է թե՝ համալրել մեր պետության հարստությունը: Ես իմ կյանքն իզուր չեմ վատնում անարդյունավետ փնտրտուքների վրա: Երկրի վրա փնտրում եմ արարչագործության ակունքները, ներհայեցողական աշխարհում՝ միայն բանականությամբ ընկալված օբյեկտներ, ինչին, բնականաբար, օգնում է դասական իմաստությունը, իսկ զգայական դաշտից՝ էթնիկ երաժշտությունը:
– Դուք Ձեզ համարում եք ճանապարհո՞րդ, թե՞ լեռնագնաց:
– Ավելի շատ ինձ համարում եմ ճանապարհորդ, իսկ լեռնագնացությունը, լեռնադահուկային սպորտը, լեռնային հեծանվասպորտը և այլն, ընդամենը գործիքներ են, որոնք անհրաժեշտ են ճանապարհորդելու համար: Երևի թե մեղավորը Ջեկ Լոնդոնն է, քանի որ դեռ մանուկ հասակում ընթերցելով նրա վեպերն ու պատմվածքները՝ հետագայում հասկացա, որ բնության արկածախնդրությունը ոչ միայն լրացնում է ադրենալինի պակասը, այլ նաև լույս է սփռում ոգեմտային ամենահակասական դատողությունների, կոնֆլիկտների լուծման վրա:
– Ի՞նչ է այդ ամենը Ձեր համար՝ նոր արկածների, հետաքրքրությունների փնտրտո՞ւք, թե՞…
– Ինձ համար լեռներում գտնվելը ապրելու բանական ընկալում է, իսկ «քաղաքակիթ» աշխարհում գոյատևելը՝ զգայական խաբկանք: Ավելի ոգեղեն է՝ լուծել խնդիրներ, որոնք առաջանում են լեռներում, քան խնդիրներ, որոնք առաջանում են սոցիումում:
– Պատրաստվում եք իրականացնել բավականին բարդ նախագիծ՝ նվիրված Եղեռնի 100-ամյակին:
– Իհարկե, կցանկանայի, որ դա Եղեռնի հետ ընդհանրապես չկապվեր, այլ սևեռել մի փաստի վրա, որ 100-ից ավելի հայ մասնակիցներով դժվարամատչելի խնդիր լուծելը, այն է՝ լեռ բարձրանալը, այն էլ՝ Արարատ լեռը բարձրանալը դառնար մեր միասնության վառ օրինակ: Բայց քանի որ խորհրդանշական տարեթիվ է, դեռևս չպատժված ոճրագործության, ապա կփորձենք այս քայլով ընդվզել անպատժելիության մթնոլորտի դեմ: Ավելի մանրամասն կարելի է խոսել այս ծրագրի իրականացումից հետո միայն:
– Ե՞րբ եք պատրաստվում այն իրականացնել, և ովքե՞ր են ներգրավված այդ նախագծի մեջ:
– Պատրաստվում ենք այն իրականացնել հուլիս ամսին: Ներկա կլինեն հայտնի պարային համույթներ, արվեստագետներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ, ուղղակի մասնակիցներ, ովքեր կկամենան միանալ մեզ:
– Դուք իրապե՞ս պատրաստվում եք դաշնամուր բարձրացնել Արարատ լեռը:
– Այո, պատրաստվում ենք 20 կիլոգրամանոց թվային դաշնամուր բարձրացնել լեռը:
– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կփոխվի կամ արդյո՞ք որևէ բան կփոխվի, երբ իրականանա Ձեր նախագիծը:
– Մենք կփորձենք իրազեկել: Ժամանակը ցույց կտա միայն, թե ինչ արձագանք կստանա մեր նախագծի իրականացումը:
– Ովքե՞ր են աջակցում Ձեզ հետաքրքիր, բայց, կարծում եմ, բավականին ծախսատար ճամփորդություններն իրականացնելու գործում:
– Կարծում եմ՝ խոսքը միայն Արարատ լեռան մասին է, քանզի մնացած ճամփորդությունները ներգնա տուրիզմի հետ են կապված: Վերելքի մասնակիցների համար գործում է երկու գին՝ կորպորատիվ և անհատական:
– Կպատմե՞ք Ձեր ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն լուսանկարի մասին, որտեղ Դուք ձյունապատ լեռան գագաթին կանգնած եք խաչի մոտ:
– Այդ լուսանկարն արված է Իշխանասար լեռանը: Բավականին դժվար վերելք էր՝ ձմռանը: Շատ էինք ուժեղացել նկարողն ու ես: Անմոռանալի ճամփորդություն էր: Այս տեսակ հուշերը չեն վերանում: Նրանք միշտ թափառում են տիեզերքում: Գրեթե համոզված եմ:
– Ձեր կինը ևս անմասն չի մնում Ձեր արկածներից: Դա նրա ցանկությո՞ւնն է, թե՞ չի ցանկանում ամուսնուն միայնակ թողնել հեռու-հեռավոր սարերում:
– Ավելին, նույնիսկ մտահղացումների ամենահմայիչ փունջը կնոջս երևակայության արդյունքն է: Օրինակ, այս ծրագրում «ջահերով երթը» հենց իր գաղափարն է: Իսկ երթուղիներ մշակելն իր համար նույնպես ուղի է և աշխատանք: Կարծում եմ, որ շատ քչերին է հաջողվում ունենալ իր կողքին կին՝ գաղափարակից, գեղեցիկ և ամենակարևորը՝ մտերիմ ընկեր:
– «Ազգային ոգին բարձրացնելու նպատակով Արարատ լեռան լանջերին և գագաթին կհնչեցնենք մեր ավանդական, ազգային երգն ու պարը, մեր 100 հայրենակիցներով ձեռք ձեռքի տված կհաղթահարենք Արարատ լեռան վերելքի բոլոր դժվարությունները, համախմբված մի գաղափարի և մի նպատակի շուրջ». Սա մեջբերում է Ձեր կողմից իրականացվելիք ծրագրից: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ հնարավոր է նման միջոցառումներով բարձրացնել ազգային ոգին:
– Ազգային ոգին բարձրանում է, երբ հաղթում են ցանկացած իրավիճակում: Դարերի ընթացքում հաղթանակներն են եղել մեր ազգի գոյատևման պայմանը: Կարծում եմ, որ այս վերելքի հաղթահարումն էլ է հաղթանակ և ոգին բարձրացնելու խթան:
– Միգուցե նրանց համար, ովքեր այդ օրը կլինեն Ձեր կողքին՝ լեռան վրա, իրապես «ազգային ոգու բարձրացում» տեղի ունենա, իսկ ի՞նչ կտա այդ ամենը նրանց, ովքեր պարզ գիտակցում են, որ նախ՝ այդ լեռը մեր սահմաններից դուրս է, և, որ մերօրյա ցեղասպանությունը շարունակվում է ամեն օր՝ ահռելի տեմպերի հասնող արտագաղթի շնորհիվ:
– Քաղաքական և տարածքային սահմանները չեն կարող կաղապարել մեր երևակայությունը: Փորձությունից հաղթանակած դուրս գալը միշտ էլ գրավիչ է և ինքնաճանաչողության քայլ: Պետք է խիզախել ընդամենը: Մարդիկ իրենց զգում են օտար մեր հայրենիքում: Արտագաղթողները մեծամասամբ նրանք են, ովքեր տենչում են առավել բարեկեցիկ կենցաղավարության: Դրա մեղավորն իրենց ցածր գիտակցությունն է, ոչ թե սոցիալական վիճակը: Ովքեր ճանաչում են իրենց հայրենիքը, նրանք շատ դժվարությամբ են լքում այն: Նախ և առաջ՝ պետք է բարձրացնել գիտակցական մակարդակը: Այս հողատարածքը, որը մենք հայրենիք ենք կոչում, մերն է: Միայն այստեղ ապրելով՝ մենք կզգանք մեզ՝ տիրոջ, այլ ոչ թե՝ վարձկանի, կարգավիճակում:
– Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ վերելքը:
– Պլանավորում ենք բարձրանալ Լենինի պիկը: