Աշոտ Ահարոնյան. Ոստիկանի խնդիրը հանցագործությունը կանխարգելելն է, կանխելը, կասեցնելը, բացահայտելը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսանյութ է շրջանառվում, թե Ճանապարհային ոստիկանության ծառայողն ինչպես է բռնում խանութից գողություն արած անձին ու բերման ենթարկում: Իհարկե, սա այն դեպքը չէ, որին անդրադառնալու անհրաժեշտություն կա. գրեթե ամեն օր նման դեպքեր պատահում են, որոնց չենք անդրադառնում: Բայց լրատվամիջոցի կողմից տեսանկարահանվածը ուղեկցվում է օգտատերերի մեկնաբանություններով, որոնց մի մասը, մեղմ ասած, տարօրինակ է: Այլ կերպ չես բնութագրի «հայտնագործությունները», թե ոստիկանը պիտի մտածի՝ այս կասկածյալին բռնի, մյուսին՝ ոչ, այս հանցագործությունը կանխի, իսկ մեկ այլ հանցանք կարելի է և աչքաթող անել:
Ոստիկանի խնդիրը դատողություններ անելը չէ: Ոստիկանի խնդիրը հանցագործությունը կանխարգելելն է, կանխելը, կասեցնելը, բացահայտելը:
Տվյալ դեպքում ոստիկանը կատարել է իր գործառույթից բխող գործողություններ ու հստակ է կատարել. Տեսնելով, որ խանութի աշխատակիցը բղավելով հետապնդում է ինչ-որ մեկին՝ բռնել է վերջինիս ու բերման ենթարկել: Չանե՞ր, ձևացներ, թե ոչինչ չի պատահել ու գնար իր ճանապարհո՞վ:
Ճանապարհային ոստիկանն այդ պահին ինչպե՞ս կռահեր՝ հետապնդվողը քաղցրավենի՞ք էր վերցրել, թե՞ մարմնական վնասվածք հասցրել ինչ-որ մեկին: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն իր գործառույթը, կրկնում ենք, հստակ կատարած ոստիկանի ու հետին թվով նրանից այդպիսի պահվածք պահանջողի միջև: Իսկ ինչ վերաբերում է գողացվածի ծավալին ու տեսակին, դա ոչ թե հանցագործությունը կասեցնող ոստիկանի, այլ քննության մարմնի խնդիրն է:
Հ.Գ. Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր բերման ենթարկվածի գործողություններում սոցիալական պատճառներ են փնտրում. հիշյալ անձը նախկինում երկու անգամ գույքի հափշտակության համար խնդիրներ է ունեցել և ևս մեկ «քննական գաղտնիք»՝ հիշյալ անձի մոտ այդ պահին եղել է 12.000 դրամ գումար»: