Էրդողանն առաջարկել է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների թիվը հասցնել 20-ի
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կոլումբիայում անդրադարձել է Սիրիական հակամարտության կարգավորման ու ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման խնդիրներին.
«Թուրքիան ժողովրդավարության ստանդարտներով տարածաշրջանի առաջատարն է, և երկրում օրեցօր ուժգնանում է ժողովրդավարությունը: Ներկայումս Թուրքիայում գտնվում է 2 միլիոն փախստական, որոնցից 1.7 միլիոնը եկել են Սիրիայից, իսկ 300.000-ը՝ Իրաքից: Թուրքիան նրանց ապահովում է սննդով, դեղորայքով, հագուստով ու կրթությամբ:
Լիբանանում գտնվում է 1 միլիոն փախստական, իսկ Հորդանանում՝ 500.000 փախստական: Իսկ որքա՞ն սիրիացի փախստական է ընդունել ողջ Եվրոպան: 130.000: Իսկ որքա՞ն փախստական են ընդունել աշխարհի մյուս երկրները: Գրեթե ոչ մի: Դուք ինքնաթիռների ռմբակոծությամբ չեք կարողանա խնդիրը լուծել Իրաքում ու Սիրիայում»:
Էրդողանը Սիրիական հակամարտության կարգավորված չլինելու համար մեղադրել է ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա. «Աշխարհն ավելի մեծ է, քան՝ 5 երկիրը: Մի՞թե մենք դատապարտված ենք այս 5 երկրի ձեռքում: Մի՞թե կարելի է աշխարհը կառավարել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայմաններում ձևավորված կառույցով:
Այս 5 երկրները ներկայացնում են Ամերիկա, Ասիա ու Եվրոպա աշխարհամասերը, և նրանց թվում կա դավանաբանական երկու խումբ, սակայն չկա մուսուլմանական երկիր: Մինչդեռ պետք է լինեն թե՛ մուսուլմաններ, թե՛ քրիստոնյաներ, թե՛ հուդայականներ, թե՛ բուդդայականներ: Եկեք այդ 5-ը դարձնենք 15, 20 երկիր: Թող նրանք բոլորը դառնան մշտական անդամներ և երկու տարի ժամկետով կառավարեն ողջ աշխարհը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե վերջին անգամ Թուրքիայի նախագահը Լատինական Ամերիկա է մեկնել 20 տարի առաջ՝ 1995 թվականին: