20-ամյա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Լատինական Ամերիկա
Թուրքական Anadolu լրատվականա գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 10-13-ին մեկնելու է Կոլումբիա, Կուբա և Մեքսիկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը: Էրդողանն այդ երկրներ է մեկնելու մի շարք նախարարների ու գործարարների ուղեկցությամբ:
Ընդգծվում է, որ 1995 թվականից հետո Թուրքիայի նախագահը չի այցելել այդ տարածաշրջան: Միևնույն ժամանակ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոն 2013 թվականին, իսկ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը 2011 թվականին այցելել են Թուրքիա:
Էրդողանի այցի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Բացի այդ, տվյալ երկրներում կազմակերպվելու են գործարար ֆորումներ, որոնցում քննարկվելու է փոխադարձ ներդրումների ու առևտրային նախագծերի հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Ամերիկան «հայտնաբերել» են մուսուլման ծովագնացները, և ոչ թե Քրիստափոր Կոլումբուսը, ընդ որում՝ դա «անելով» նրանից երեք դար առաջ:
Էրդողանի համոզմամբ` մուսուլման ծովագնացներն Ամերիկա են եկել դեռևս 1178 թվականին: Էրդողանը մատնացույց է արել Կոլումբոսի օրագիրը, որում հիշատակում կա Կուբա կղզու բլուրներից մեկի վրա «մզկիթի» մասին: Էրդողանն ընդգծել էր, որ պատրաստ է Կուբայի իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթի կառուցման հարցը: