«Վալերի Պերմյակովը ծառայությունը Գյումրիի զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է». Երեմ Սարգսյանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ միջնորդության մեջ նշել է՝ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով:

«Նախ՝ հաշվի առնելով սույն քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքների և այդ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ որոշ լրատվական միջոցներով հնչեցված այն կարծիքներն ու հայտարարությունները, որ հնարավոր է՝ այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել, անհանգստություն են առաջացրել նաև տուժող կողմի մոտ: Հատկապես հաշվի առնելով, որ Վ. Պերմյակովի հագուստները, նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում, գտնում եմ, որ քննության առարկա պետք է դարձվի նաև այդ վարկածը և կատարվեն այն հերքելուն կամ հաստատելուն ուղղված անմիջական գործողություններ: Բացի այդ, քրեական գործում առկա որոշ տվյալների վերլուծությունը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ անել, որ հանցագործության կատարմանը Վալերի Պերմյակովի հետ հնարավոր է մասնակից եղած լինի (լինեն) նաև այլ անձ կամ անձինք, ուստի նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստուգել նաև հնարավոր այլ անձանց մասնակցությունը կամ առնչությունը նշված հանցագործության կատարմանը»,- իր միջնորդության մեջ նշել է Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ քննության առարկա դարձնել այն վարկածները, թե՝

  • Վալերի Պերմյակովն իրո՞ք Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով, արդյոք այն պատահակա՞ն է ընտրվել նրա կողմից, և սպանություններն էլ կատարել է չբացահայտվելու վախից ելնելով (ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Վալերի Պերմյակովն այդպես է բացատրել իր արարքը), թե՞ այն նախապես պլանավորված և նախապատրաստված հանցագործություն էր,
  • հնարավո՞ր է արդյոք, որ այդ հանցագործությունը կատարվել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որևէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով (չնայած որ, տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը, սակայն գտնում եմ, որ քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ստուգման ենթակա է նաև այդ վարկածը),
  • արդյոք այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովի կողմից ինչ-ինչ նպատակներով չի՞ կատարվել հասարակության շրջանում վախի մթնոլորտ և անկայուն վիճակ ստեղծելու շարժառիթով (նպատակով):

Փաստաբանը միջնորդել է.

Կարդացեք նաև

1. Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում՝ նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները,

2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում՝ նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները,

3. Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վալերի Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար,

4. Վերը նշված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վալերի Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առնչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վալերի Պերմյակովն օգտագործած լինի դրանք,

5. Զննել Վալերի Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյոք դրանցում չկա՞ն գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները,

6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը՝ պարզելու համար, թե Վալերի Պերմյակովը որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել, նախավերջին և վերջին անգամ ո՞ւմ հետ է եղել հերթապահության, նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում, ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում Վալերի Պերմյակովը կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ (ի՞նչ հիմքով), ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել, զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ: Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:

7. Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար՝ արդյոք Վալերի Պերմյակովը զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՞ ոչ, նախքան Գյումրիում տեղակայված զորամասում ծառայության անցնելը Վալերի Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՞ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:

8. Համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վալերի Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՞ ոչ: Եթե՝ այո, ապա ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ո՞ւմ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ո՞ւմ հետ է շփվել:

Փաստաբանը միջնորդել է նաև փորձագետներից պարզել՝ արդյոք դեպքի վայրից առգրավված ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՞ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս