
Մեր գործը հրավիրելն է, մասնակցել-չմասնակցելու հարցը պետք է որոշեն առաջնորդները. Չավուշօղլու

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախարարության արխիվի շենքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է արխիվի թվայնացման նախագիծը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ այդ շենքը շահագործման է հանձնվել 2012 թվականի մարտին` հավելելով, որ նախագծի շրջանակներում մինչև 2016 թվականի ավարտը կթվայնացվի մինչև 65 միլիոն էջ փաստաթուղթ: Չավուշօղլուի խոսքերով` փետրվարին արխիվում աշխատող անձանց թիվը կհասցվի 250 մարդու, ներկա դրությամբ նրանց թիվը կազմում է 25:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Դարդանելի ճակամարտի 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արած հրավերներին.
«Մենք թե´ որպես ԱԳՆ, թե´ մյուս հիմնարկների հետ համատեղ ներկայացնում ենք Հայկական պնդումների դեմ Թուրքիայի թեզը: Մենք համագործակցում ենք թե´ հասարակական կազմակերպությունների, թե´ ակադեմիկոսների հետ: Մենք առաջիկայում էլ շարունակելու ենք այդ աշխատանքները` չսահմանափակվելով միայն 2015 թվականով:
2015 թվականը միայն Հայոց ցեղասպանության (իր խոսքերով` Հայկական պնդումների) տարելիցը չէ, Դարդանելի ճակատամարտի տարին էլ է: Մենք հրավերներ ենք առաքել դրան մասնակցած բոլոր երկրներին: Նախագահներին հրավերներն ուղարկել է մեր նախագահը, իսկ վարչապետներին` մեր վարչապետը:
Հայաստանին էլ ենք հրավիրել, քանի որ Օսմանյան բանակում գտնվել են նաև հայ զինվորներ: Մենք հրավիրել ենք բոլորին: Մեծ Բրիտանիայից գալուց է արքայազն Չառլզը: Մեր գործը հրավիրելն է, մասնակցել-չմասնակցելու հարցը պետք է որոշեն առաջնորդները: Առաջիկայում կտեսնենք, թե ովքեր են մասնակցում ու չմասնակցում»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ նույն թերթը հայտնել էր, թե Թուրքիան գաղտնի է պահում Դարդանելի միջոցառումների մասնակիցների ցուցակը՝ վախենալով Հայկական լոբբիից: