«Այս բոլոր բռնությունները նույն ձեռագիրն ունեն». Արմեն Բադալյան

«Չի կարելի միայն այս բռնությունը դիտարկել. պետք է դիտարկել անցյալ տարվա նոյեմբերից Հայաստանում սկսված բռնությունների շարքը, երբ մեքենաներ էին վառում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին բռնության ենթարկեցին, Գյումրիում տեղի ունեցավ սպանություն, սահմաններում են ընդհարումներ տեղի ունենում, Լաչինյան ջարդը տեղի ունեցավ, ԲՀԿ քաղաքական գործչի նկատմամբ բռնություն կիրառվեց… Առաջին հայացքից թվում է, թե այս բոլոր իրադաձությունները իրար հետ կապ չունեն, կատարվել են տարբեր գործիչների նկատմամբ, բայց այս բոլորի հանրագումարը հասարակության ենթագիտակցության մեջ միավորվում և թողնում են բացասական հետևանք, բացասական նստվածք, որն ինչ-որ մի ձև հետագայում դուրս է պրծնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի մասին:

Ըստ Ա. Բադալյանի՝ այս բոլոր բռնությունները նույն ձեռագիրն ունեն:

Հարցին՝ ամեն անգամ նման դեպքերից հետո բոլորը մեղադրում են իշխանություններին արդյոք իրականում իշխանություններին պե՞տք է նման մթնոլորտ ստեղծելը, և ինչքանո՞վ է հավանական, որ այս ամենի ետևում իշխանություններն են կանգնած, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց, թե Հայաստանում իրավական համակարգը ենթարկվում է գործող նախագահին, և եթե չեն բացահայտվում այդ հանցագործությունները, բնականաբար, մեղադրանքի սլաքն անմիջապես ուղղվում է գործող նախագահի ուղղությամբ:

«Մարդիկ շատ հանգիստ ասում են՝ տեսեք, Արամ Մանուկյանի նկատմամբ կատարել է բռնություն այսինչ անձը, որն այսինչ հայտնի գործարար և Հանրապետական կուսակցության այսինչ հայտնի դեմքերի շրջապատից է, ու նրան չեն ձերբակալել, նրան չեն կալանավորել, նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացրել: Այսինքն՝ ասում են՝ եթե դուք ուզեք, դուք կարող եք հանցագործություն կատարած անձին ձերբակալել, չե՞ք արել, ուրեմն՝ դուք եք մեղավոր»:

Կարդացեք նաև

Արմեն Բադալյանի ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:

 

Տեսանյութեր

Լրահոս