Բաժիններ՝

Լիկա Մեսրոպյան. «Երբեք մտքովս չէր անցնում, որ Խորենը կարող է իմ ամուսինը դառնալ» (լուսանկարներ)

Մարդկային վերաբերմունք՝ ամեն հարցում: Գործնական լուծում կարևորագույն խնդիրներին և մեծ նվիրում ձեռնարկած յուրաքանչյուր աշխատանքին: Այս ամենը լավագույնս բնութագրում է մեր զրուցակից, դերասանուհի և «Laki art desert studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանին:

Լիկայի՝ խենթանալու աստիճանի յուրահատուկ տորթերն ասես հեքիաթային, անիրական աշխարհից լինեն: Անհավատալի է, թե ինչպե՞ս կարելի է երևակայել և, ամենակարևորը՝ պատրաստել, օրինակ՝ թավայով ձվածեղ կամ բուտերբրոդ, որոնք իրականում շատ համեղ տորթեր են:

– Քաղցր կյանք ասվածը Ձեր պարագայում կարելի է ընկալել բառիս բուն իմաստով: Քաղցրը՝ տորթերի և խմորեղենի տեսքով, շուրջ 10 տարի է՝ դարձել է Ձեր կյանքի անբաժան մասը:

– Այո, դա իմ ընտրած ուղին է, և այն ինձ դուր է գալիս: Այնպես չէ, որ ես գալիս-նստում եմ իմ աշխատասենյակում և ղեկավարի դիրքից հետևում ընթացքին: Իմ յուրաքանչյուր բիզնեսի մեջ ես հոգի եմ դրել, և այս մեկը բացառություն չէ: Ես անձամբ մտնում եմ խոհանոց, մասնակցում պատրաստման ընթացքին և մեծագույն բավականություն եմ ստանում, երբ ստեղծում եմ նոր խմորեղենների տեսակներ կամ ճաշակով տորթի դիզայն: Այս գործի մեջ անսպառ կատարելագործվելու և ստեղծագործելու հնարավորություններ կան:

Կարդացեք նաև

Lika (1)

Համամի՞տ եք, որ քաղցրակերները շատ ավելի բարի են: Այլ կերպ ասած՝ չեն զրկում իրենց «մի քաղցր կտոր» ավելի երջանիկ լինելու հնարավորությունից:

– Հավատանք, որ այդպես է: Միայն թե մարդիկ բարի լինեն:

 – Հարցազրույցներից մեկում նշում եք, որ խմորեղենի բիզնես նախաձեռնելու որոշումը եկավ այն պահին, երբ պատահաբար Ձեր ձեռքն ընկավ մի ամսագրի էջ, որտեղ գեղեցիկ տորթեր էին նկարված: Այդքանը բավարա՞ր էր՝ որոշում կայացնելու համար: Ձեզ մոտ մի՞շտ է այդքան հեշտ ամեն ինչ որոշվում՝ տեսա, հավանեցի, կարելի է իրականացնել: Դա մարդու տեսա՞կ է:

– Գուցե իմ խոսքերից այս ամենը շատ հեշտ ու հասարակ թվաց: Երևի ուզում էի ասել, որ ոգևորությունն է ինձ ստիպել:

Lika Mesropyan (2)

Որտեղի՞ց կամ ո՞վ է Ձեզ տվել այդ վստահությունը: Քանի որ մինչ թխվածքին անցնելը, Դուք և՛ Tatu սրահ էիք բացել, և՛ նորաձևության տուն, և՛ գովազդային գործակալություն: Փորձել եք ամեն ինչ: Փաստորեն, կարելի է միայն ցանկանալ և վե՞րջ՝ անցնել իրագործմա՞ն:

– Այդ վստահությունը և՛ դաստիարակությունից է , և՛ մարդու տեսակից: Չգիտեմ՝ որտեղից ինձ այդ վստահությունը, բայց ես միշտ շատ ռիսկով եմ եղել: Բացի այդ, նաև ժամանակն է թելադրել, թե ինչ տեսակի բիզնես կարելի է ձեռնարկել: Ես միշտ ձեռնարկել եմ այն բիզնեսը, որը Հայաստանում դեռևս չկար: 1992 թ. չկար գովազդային գործակալություն: Եթե անգամ կային, ապա միայն մեկ-երկուսը: Մենք մեր ձեռքերով էինք անում այդ ամբողջ աշխատանքը: Չկար նաև նորաձևության տուն:

Lika Mesropyan (4)

Lika Mesropyan (1)

Իսկ ինչո՞ւ չէր ստացվում:

– Ինչ տեսակ բիզնես էլ ձեռնարկել եմ, արել եմ առանց ներդրման՝ գրեթե զրոյից: Հետո այդ ոլորտ գալիս էին մարդիկ, ովքեր մեծ ներդրում էին անում և, բնականաբար, իմ բիզնեսը չէր կարողանում մրցակցել: Թխվածքի բիզնեսը, փաստորեն, ժամանակին դրվեց, և, բացի դրանից, օգնեց նաև այն հանգամանքը, որ առաջիններից մեկն եմ եղել այս ոլորտում: Մինչև մրցակիցների ի հայտ գալը մենք արդեն ամուր դիրքերում էինք:

Ինչպես նշեցիք՝ խմորեղենի ոլորտը մեր երկրում բազմազան է: Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞վ է տարբերվում Ձեր հաճախորդը: Ինչպիսի՞ն է նա:

– Իմ հաճախորդը պատահական խանութի մոտով անցնող չէ. նրանք այն մարդիկ են, որոնք «Լակի դեսերտ ստուդիոն» իմ անձի հետ են կապում: Նրանք գիտեն, որ ես ամեն կտորի մեջ իմ սիրտն եմ դնում, և երբեք չեն ասի, որ ինչ-որ մի բան այնպես չէ: Հաճախորդը հավատում է, որ մեր խմորեղենը պատրաստվում է բարձրորակ մթերքից և առանց արհեստական հավելումների: Գուցե այդ պատճառով խմորեղենները կորցնում են իրենց «գլամուր տեսքը», չեն փայլում զանազան գրավիչ գույներով, սակայն առողջությանը վնաս չեն տալիս և համեղ են:

Lika Mesropyan (5)

Թա՞նկ հաճույք է Ձեր հաճախորդը լինելը:

– Մեր գները ոչնչով չեն տարբերվում Երևանում առկա մյուս խմորեղենների միջին գներից: Ունենք նաև «թանկ գիծ», որտեղ օգտագործում ենք թանկ մթերքներ: Բայց էժան խմորեղեն չունենք և երբեք չենք կարող ունենալ: Որակով արտադրանքն իր գինն ունի:

 – Պատմեք, թե որտեղի՞ց եք այդքան հետաքրքիր և երբեմն էլ՝ տարօրինակ տորթերի մտահղացումներ հայթայթում, ինչպիսին է Ձեր սրտաձև, գլազուրով տորթը, որի վրա վարդագույն վարտիք է անցկացված, բնականաբար՝ ուտելու: Կամ՝ Ձեր ձվածեղ տորթը, որն ուտում են՝ կտրելով անմիջապես թավայի հետ միասին:

– Անընդհատ մտածում էի, թե ինչ նոր ու հետաքրքիր բան կարելի է մոգոնել: Երբ աղջիկներից մեկը բերանից թռցրեց այդ արտահայտությունը՝ «իմ սև սիրտ, քո վարդագույն վարտիք», միանգամից պատկերացրեցի այդ տորթը:

Lika Mesropyan (6)

Հետաքրքիր է, ովքե՞ր են գնորդները, ավելի շատ տղամարդի՞կ են, թե՞ կանայք:

– Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք: Այդ տորթը շատ մեծ բում առաջացրեց:

– Հարցազրույցներից մեկում պատմում եք, թե ինչպես էր Ձեր հայրը տարիներ առաջ տարել Ձեզ Վեհարան՝ ծանոթացնելու Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ: Եվ երբ կաթողիկոսը հարցրել է, թե ի՞նչ եք դառնալու, երբ մեծանաք, առաջին բառը, որն ինքնըստինքյան դուրս է եկել Ձեր շուրթերից, եղել է՝ դերասանուհի: Արդյո՞ք եղել են ժամանակներ, երբ այդքան հեշտ էր կաթողիկոսի հետ ծանոթանալն ու դեռ նրանից էլ հարցի արժանանալը:

– Պարզապես այդ տարիներին հայրս աշխատում էր Վեհարանում: Այո, այդ բառը, իրոք, ինքն իրեն դուրս թռավ բերանիցս և դարձավ ճակատագրական:

Lika Mesropyan (9)

– Դուք գոհ ե՞ք Ձեր ճակատագրից:

– Մի բան էր պակասում, որ կատարելապես գոհ լինեի ճակատագրիցս. Աստված երկար էր փնտրում, թե իր հրեշտակներից ո՞ր մեկին ուղարկի ինձ: Եվ վերջապես գտավ ամենա-ամենային:

Նշում եք, որ այլևս չեք խաղում սերիալում, քանի որ չեք հավանում Ձեր խաղը: Որքա՞ն ժամանակ անց հասկացաք դա:

– Հենց սկզբից էլ հասկացա, որ դա իմը չէ: Եթե՝ անկեղծ, ապա շատ լուրջ տրամադրվել էի, որ պիտի կարողանամ, պիտի անեմ, բայց ընթացքում հասկացա, որ այստեղ ես արդեն թույլ եմ:

Կարծում եմ՝ քիչ չեն դերասանները, որոնց իրականում այդքան էլ դուր չի գալիս սեփական խաղը, սակայն երբեք չեն խոստովանում և, առավել ևս, չեն դադարում խաղալ այդ նույն սերիալներում: Շատերն էլ անկեղծորեն խոստովանում են, որ դա պարզապես գումար աշխատելու տարբերակ է, քանի որ գաղտնիք չէ, թե որքան ցածր են վարձատրվում այսօր թատրոնի դերասանները:

– Եթե ես մնայի թատրոնում, ունենայի գումար աշխատելու խնդիր, և ինձ առաջարկեին ֆիլմում խաղալ, ես, միևնույն է, կհրաժարվեի:

– «Խաղից դուրս» սերիալը, որտեղ Դուք խաղում էիք Խորեն Լևոնյանի հետ, փաստորեն, իրականության մեջ ևս դարձավ խաղից դուրս: Դուք և Խորենն իրականում ևս դարձաք ամուսիններ: Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հոգիների հետ, ովքեր մինչ այդ էլ երկար տարիներ ճանաչել են իրար, սակայն մտքներով էլ չէր անցել, որ կարող է՝ մի օր դառնան ամուսիններ: Եվ մի օր հանկարծ հասկանում են, որ սիրում են իրար:

Lika Mesropyan (8)

– Շատ տարօրինակ բան կատարվեց իրականում: Երբեք մտքովս չէր անցնում, որ Խորենը կարող է իմ ամուսինը դառնալ: Երկար տարիներ ճանաչել ենք իրար, աշխատել թատրոնում: Ինձ համար Խորենը երիտասարդ դերասանների սերնդի ներկայացուցիչների մեջ էր մտնում… Դուրս գալիս էր նրա խաղը, բայց երբեք չեմ դիտարկել նրան՝ որպես ամուսին, երեխայիս հայր… Ես կարծում եմ՝ ամեն ինչ ի վերուստ գրված է: Մենք պիտի հանդիպեինք, պիտի ծնվեր մեր Արամը:

– Տարիքային տարբերությունն առավել շատ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է Ձեր ամուսնությանը:

– Լինում են իրավիճակներ, որ ես հասկանում եմ, որ ավելի շատ եմ տեսել: Բայց հետո մտածում եմ, որ նա ևս անցել է այդ բոլոր փուլերով:

– Որքանո՞վ էր հեշտ որոշում կայացնել ամուսնանալ մի տղամարդու հետ, երեխա ունենալ մի տղամարդուց, ով արդեն մեկ անգամ հեռացել է իր ընտանիքից:

– Յուրաքանչյուր մարդու կյանք դասավորվում է յուրովի: Եթե ընդունում ես մարդուն՝ ընդունիր նրա հետ կապված ամեն ինչ:

Lika Mesropyan (7)

Ավանդույթների մասին խոսելիս, հարցազրույցներից մեկում ասում եք, թե դրական եք վերաբերվում «կարմիր խնձորի» ավանդույթին: Դուք դա լո՞ւրջ էիք ասում:

– Իհարկե՝ ոչ: Հավանաբար՝ թյուրիմացություն է տեղի ունեցել այդ հարցազրույցի մեջ:

– Ասում եք նաև, որ կինը պետք է լինի հնազանդ: Հնազանդ կինը ո՞ր կինն է:

– Կինը պետք է լինի իմաստուն՝ խոսի և լռի ճիշտ ժամանակին:

Անդրադառնանք Ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարին, որտեղ Դուք անմիջապես արձաքանքելով այն հրապարակմանը, որ օգնություն է անհրաժեշտ փոքրիկ Գոռին, գնացել էիք հիվանդանոց: Փոքրիկ Գոռի վիրահատության համար անհրաժեշտ գումարի մասին լուրը տարածվեց գրեթե անմիջապես Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ լույսի՝ Սերյոժայի մահվան մասին բոթից հետո:

– Սերյոժայի մահը սարսափելի մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, ինչպես և մեր ողջ ազգի՝ կարծում եմ: Հետո տեսա Գոռի լուսանկարն ու կարդացի նկարի տակի մեկնաբանությունները, որտեղ մարդիկ չէին հավատում, կասկածում էին… Եվ քանի դեռ մարդիկ չեն հավատում, ուղղակի գրում են, ես որոշեցի գնալ հիվանդանոց՝ և՛ տեսնել, և՛ ասել, որ երեխան իրապես օգնության կարիք ունի: Գնացինք, հանդիպեցինք և տեսանք, որ երեխան իրոք մեր կարիքն ունի: Սա այն դեպքն էր, երբ պետք էր գործել:

Հայերն ասես ինքնաքայքայիչ հատկություն ունեն՝ անգամ դրականի մեջ փորփրում և անպայման մի բացասական բան են գտնում: Չկա՞ր մտավախություն, որ անգամ Ձեր այդ դրական քայլի մեջ մի բիծ կգտնեն:

Xoren

– Կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ ես PR-ի կարիք չունեմ: Ես որպես մարդ, որպես մայր եմ մոտեցել այդ հարցին: Անընդհատ մտածում էի, թե ինչպե՞ս անել, որ անունս չշոշափվի, բայց անպայման խոսվի երեխային անհրաժեշտ օգնության մասին: Երկար մտածեցի և թքելով ամեն ինչի վրա՝ որոշեցի, որ պետք է գնալ, և գնացի, որովհետև պետք էր օգնել երեխային: Իսկ հետո մտածեցի, որ, եթե ամեն մի մարդ, ով մի փոքր ճանաչում ունի, իր ներդրումն ունենա նման կարևորագույն հարցերում, որքան բարի գործ կարելի է իրականացնել: Շատ հեշտ է նստել և ֆեյսբուքում ստատուսներ գրել՝ ոչինչ չանելով իրական կյանքում:

Երբ կինը մայրանում է, ամեն երեխայի վիշտ ու ցավ անձնականի պես է ընկալում, մի տեսակ իր հոգով է անցկացնում այդ ամենը:

– Այո, ինձ հետ էլ նույնը կատարվեց: Ես գոնե փորձեցի օգնել: Ցավոք, այսօր տեղյակ չեմ, թե ինչ փուլում է երեխայի առողջական վիճակը, Աստված պահապան Գոռին և բոլոր բալիկներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս