«Ննջասենյակում 7 հոգի են քնում և, Հայկազից բացի՝ մյուսները հենց սպանողներն են, իսկ մի հոգի բացակա է եղել»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքը տեղի էր ունեցել բարձրագույն ռազմական ուսամնական հաստատությունում.

«Մի հաստատություն, որտեղ պատրաստվում են ապագա սպաներ»:

Նա նշեց, որ կիրառվող պատժամիջոցները՝ աշխատանքից հեռացում, նկատողություն՝ համարժեք չեն. «Հայկազ Բարսեղյանը սպանվել է իր անկողնում. այդ սենյակը, որտեղ մնում են, նրանք 7 հոգով են: Այսինքն՝ մյուս կուրսանտները գալիս են, նրա նկատմամբ բռնություն կատարում այդ սենյակում, որտեղ մյուս 6 հոգին չեն համարձակվում նույնիսկ ծպտուն հանել՝ առնվազն գոնե կանխարգելեն այդ բռնությունները»:

Նրա կարծիքով՝ քրեական գործ պետք է հարուցվի անմիջական հրամանատարների և վերադաս հրամանատարների նկատմամբ՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ անգործություն թույլ տալու, ինչ-որ տեղ նաև չարաշահում թույլ տալու համար, որը հանգեցրել է ծանր հետևանքների:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ հարցը տեղափոխել միայն 4 կուրսանտի և մյուսի միջև (դա էլ հարց է, թե որ կուրսանտն ինչ չափով է մասնակից այդ հանցագործությանը) կլիներ ուղղակի մասնակի, ոչ բազմակողմանի, ոչ լիարժեք, ոչ համակարգային մոտեցում: Նման մոտեցման դեպքում մենք էլի խնդիրներ կունենանք»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա տեղեկացրեց, որ կներգրավվեն որպես Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ: «Ես գտնում եմ, որ կանոնադրական հարաբերությունների վիճակը ոչ միայն ռազմական ինստիտուտում, այլև զինված ուժերում բավական մտահոգիչ է, և այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են վիճակը շտկելու համար, ցավոք սրտի, կարող են միայն կարճաժամկետ ազդեցություն և նշանակություն ունենալ, որովհետև կան համակարգային շատ այլ լուրջ խնդիրներ»,- հավելեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց, որ ռազմական ինստիտուտում «նման սարսափելի դեպքը» խորքային հետևությունների է բերում: Նրա խոսքով՝ արդեն հայտարարվել է, որ փոփոխություններ տեղի կունենան ամբողջ ղեկավար կազմում: Նա նշեց, որ պաշտպանության նախարարին էլ է մտահոգում այն հարցը, որ ապագա սպան չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են մարդ սպանում:

Բայց, նրա խոսքով, ննջարանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, քնել են այժմ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող 4 անձինք. «Այսինքն՝ դրսից չեն եկել, ինչ-որ բան արել: Այո, այնտեղ 7 հոգի են քնում և Հայկազից բացի՝ մյուսները հենց սպանողներն են, իսկ մի հոգի բացակա է եղել տվյալ դեպքում այդտեղից: Այսինքն՝ այլ մարդ կոնկրետ ննջարանում չի եղել, բայց ամեն դեպքում կա վաշտի հերթապահ, հարկի հերթապահ, գումարտակի… այդ մտահոգությունները մենք մասնագիտորեն ուսումնասիրում ենք: Բայց շատ բան չեմ կարող ասել, որովհետև գիտեք՝ գործն այս պահին քննվում է»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 20 տարվա պատմություն ունեցող ինստիտուտում եղել են նաև բացթողումներ ու հանցագործություններ, բայց դա նաև այն ինստիտուտն է, որ միայն վերջին 3 տարում իր շրջանավարտներից 2 մարտական խաչի ասպետ է տվել.

«Այն հերոսությունները, որ դուք տեսնում եք սահմանի վրա, այդ նույն ռազմական ինստիտուտի շրջանավարտներն են կատարում: Այսինքն՝ բերեք թացը չորի հետ չխառնենք, բերեք լավը վատի հետ չխառնենք: Այսօր բանակի միջին և ցածր սպայակազմի ողնաշարն այդ ինստիտուտների շրջանավարտներն են»:

Նա ասաց, որ որևէ մեկը չի էլ փորձել կեղծել կամ թաքցնել, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ Գնել Թևոսյանը, տեղակալներից մեկի որդին է:  «Ուղղակի կա նախաքննություն: Մենք ասել էինք, հաստատել էինք, նախարարն իր բերանով ասաց, որ լինելու են շատ լուրջ փոփոխություններ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա դրությամբ 60 տոկոսով նվազել են ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցած հանցագործությունները, որոնք ավարտվել են մահվան ելքով. «Իսկ սա, կարծում եմ, որ շատ լուրջ ձեռքբերում է: Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում հանգստանալ սրա վրա, ոչ ոք չի պատրաստվում սա դրոշակ սարքել և մեզ հերոսացնել դրա համար, որովհետև ամեն դեպքը ողբերգություն է, իսկ այսպիսի դեպքերը շատ ծանր ողբերգություն են, մենք դա շատ լավ գիտակցում ենք»:

Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանն էլ ասաց, թե այն, որ որոշ սպաներ ազատվել են աշխատանքից, չի նշանակում, որ կապ ունեն դեպքի հետ. «Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր թերացում չէ, որ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում հանցագործության հետ: Այդ իսկ պատճառով կատարվում է նախաքննություն, և ես միանշանակ ասում եմ, որ այն կատարվելու է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս