ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ոճ է կիրառում` համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. Կայծ Մինասյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյոն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանին: Հանդիպման ժամանակ շարունակվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։
«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է նաև, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեռ չեն տարածել համատեղ հայտարարություն, ինչպես դա լինում է նրանց կազմակերպած հանդիպումներից հետո, այդ թվում՝ վերջերս Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, ինչը հետաքրքրական հանգամանք է, քանի որ համանախագահների վերջին հայտարարությունը շատ քննարկվեց. դրանում համանախագահները նոր հռետորաբանություն էին կիրառել և քննադատել Ադրբեջանին: Նրանք կողմերին կոչ էին արել.
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»։
Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարության բացակայությունը մի քանի բացատրություն կարող է ունենալ, որոնցից գլխավորն այն է, որ համանախագահները հայկական կողմին հայտարարությամբ դիմելու անհրաժեշտություն չեն տեսնում:
168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքում փոփոխություն է նկատվում: Քաղաքագետը հիշեցրեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը բացարձակապես չի հարգում այդ խմբի աշխատանքը, ծաղրում է տարածած հայտարարությունները, ինչն էլ հանգեցրեց նրան, որ համանախագահները պարզապես հոգնեցին նույն հայտարարություններով դիմել Ադրբեջանին, թեև Ադրբեջանն իր հերթին՝ ցուցադրում է, որ ձանձրացել է ՄԽ-ից: Ըստ նրա՝ հետաքրքրականն այն է, որ համանախագահների երկու կողմերը` արևմտյան, ռուսական, բավական դժգոհություն ունեն Ադրբեջանից:
«Դժգոհություն ունի Մոսկվան ևս` իմանալով, որ Ադրբեջանը դեմ է Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու հեռանկարին: Ինչ-որ տեղ Ռուսաստանը ևս այդ հայտարարությամբ, իր շահերից ելնելով՝ պատասխան է տալիս Ադրբեջանին: Մյուս կողմից՝ Արևմուտքը՝ իմանալով, որ մարդու իրավունքների դեմ արշավ է իրականացնում Ադրբեջանը, իրավապաշտպաններ և լրագրողներ է ձերբակալում, նման կերպ պատասխանում է նաև Ադրբեջանի ներքին իրողություններին: Ունենալով տարաձայնություններ` փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեև չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի:
Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել: ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ շեշտը դնելով Ադրբեջանի վրա, որովհետև գիտի, որ Ադրբեջանն ինքն է սադրանքների, բախումների, դիվերսիոն գործողությունների դիմում շփման գծում և սահմանին: Նրանք Հայաստանի մասին ևս խոսելու են՝ այլ հռետորաբանություն կիրառելով: Սա բնական է: ՄԽ-ն ցույց է տալիս, որ իրավիճակի հրահրողներին շատ լավ գիտի, ու հետագա հայտարարությունները, չի բացառվում, որ էլ ավելի կոշտ լինեն»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը չի ցանկանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, որի գլխավոր պատճառներից մեկը ՀՀ ԶՈՒ բարձր մարտունակությունն է: «Ներկայումս Ադրբեջանը, չհարգելով ՄԽ-ին, ցույց է տալիս, որ խնդիրն իր համար լուծված չէ, և սպառնում է պատերազմով: Նավթի գնանկումը ևս նյարդայնացնում է Բաքվին: Վաղուց է, որ Բաքուն ցանկանում է տապալել ՄԽ ձևաչափը և այդ ջանքերն ակտիվացրեց նախորդ տարի Փարիզում կայացած եռանախագահների հանդպումից հետո, երբ խոսվեց Մեծ համաձայնության մասին: Բաքուն մտածեց, որ կսկսվի նոր աշխատանք, և ՄԽ-ն այլևս անհաժեշտ չի լինի, սակայն սխալվեց»,- նման կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը` վստահեցնելով, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ աջակցելով ՄԽ ձևաչափի պահպանմանը, քանի որ այն իսկապես զսպիչ դերակատարություն է ունենալու: