Պարգև Օհանյանը՝ Պերմյակովի գործի մասին. «Մեկ ամսում կարելի է ավարտել այս գործը»

Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Ինչպես հայտնի է, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքով քրեական գործ հարուցել են ինչպես՝ ՀՀ, այնպես էլ՝ ՌԴ իրավապահ մարմինները: ՀՀ-ում քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի վարույթում: Մեզ հետ զրույցում նախկին դատավոր, փաստաբանական գրասենյակի ղեկավար Պարգև Օհանյանն ասաց, թե հավանական է, որ բավարարվի այդ խնդրանքը: «Կարծում եմ, իհարկե, կբավարարվի, այսինքն՝ գործի քննությունը կշարունակվի մեր իրավական հարթությունում: Երևի դատարանը կլինի ռազմական տրիբունալը, հավանաբար Վալերի Պերմյակովի պահման վայրն էլ կլինի հենց զինվորական մասը: Հավանաբար դա անհրաժեշտ է նաև, որպեսզի կրքերը մի փոքր հանդարտվեն, թեև կարծում եմ՝ դրանից էական ոչինչ չի փոխվելու»,- ասաց Պ. Օհանյանը:

Մեր հարցին՝ արդյոք վարույթը փոխանցել՝ նշանակո՞ւմ է նաև մեղադրյալին փոխանցել, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Ոչ, չի նշանակում»: Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ավետիսյանների տանից հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել՝ «Վալերի Պերմյակով»: Մեր հարցին, թե ինչի՞ մասին կարող է խոսել դեպքի վայրում այդպիսի իրերի հայտնաբերումը, Պարգև Օհանյանը պատասխանեց, թե դժվարանում է ինչ-որ բան ասել. «Ես չեմ տիրապետում ինֆորմացիային, որպեսզի եզրահանգում անենք, պետք է ունենանք ամբողջ ինֆորմացիան: Պետք է իմանանք, թե ինքն ինչ է ասում այդ մասին, համադրենք այլ փաստերի հետ»:

«Շատ դեպքերում հենց հասարակությունը, մենք, նույնիսկ իրավաբաններն ավելի հեռու են փնտրում, քան իրականում կա: Ժողովրդական խոսք կա՝ ասում է՝ հեռու փնտրեցինք, մոտիկ գտանք: Ինչ-որ ֆանտաստիկ վարկածներ ենք առաջ քաշում, տարբեր քաղաքական լուրջ մտավախություններ են հնչում, իսկ իրականում շատ հավանական է, իմ կարծիքով, պարզապես ցավալի պարզունակ հանցագործություն է, իհարկե՝ ոչ հետևանքի մասով: Ցավոք, հետևանքն այնքան ծանր է, որ կարելի է համեմատել Հոկտեմբերի 27-ի հետ երևի: Իզուր չէ, որ այդպես էլ կար մամուլում: Բայց էլի եմ ասում՝ սա կարող է լինել ընդամենը ոչ մեղսունակ անձի կամ, մեղմ ասած՝ ոչ առողջ մարդու ոչ ադեկվատ գործողություն»,- ավելացրեց նա:

ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 29-ի դրությամբ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակված չէր:

Կարդացեք նաև

Պարգև Օհանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ անհրաժեշտ չէ՞ նշանակել նման փորձաքննություն: «Ի՞նչ խոսք, պարտադիր է: Որքան ես լսել եմ՝ նշանակված է: Ի վերջո, պետք է նշանակվի: Մենք գիտենք, որ նախաքննություն կոչվածը շատ երկար է տևում՝ մի բան, որ ոչ մի դեպքում արդարացված չէ: Օրենքով սահմանված երկամսյա ժամկետի վրա արդեն ուշադրություն դարձնող էլ չկա: Բազմիցս երկարացվում է նախաքննության ժամկետը, այն տևում է ամիսներ շարունակ: Դա ճիշտ չէ: Դա և կրքեր է բորբոքում, և ավելորդ հակասություններ են առաջանում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ բացառիկ բարդության դեպքերով՝ ոչ թե բովանդակության, այլ տեխնիկական բարդության իմաստով, գործի նախաքննության ժամկետը պետք է երկարացվի, «Չեմ ուզում շատ ծայրահեղ հնչի, բայց մեկ ամսում կարելի է ավարտել այս գործը, ուղարկել դատարան, որպեսզի իզուր ոչ հակասություններ, ոչ էլ ասեկոսեներ չառաջանան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս