Բաժիններ՝

«Եթե ուզում ենք լինել լավ գյուղամթերք արտադրող երկիր, գյուղացին վարկ ստանալու խնդիր չպետք է ունենա». Հրաչ Բերբերյան

«Այսօր մեր գյուղացին շատ ծանր վիճակում է հայտնվել՝ բանկերի հետ կապված աշխատանքների պատճառով: Նույնիսկ գործը հասել է նրան, որ գյուղացին իր տան ոսկեղենը տանում է բանկ, բայց ասում են՝ միայն արտարժույթով կտրամադրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա խնդիրը կարգավորելու կոչով դիմեց ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկի նախագահին՝ ասելով՝ եթե ուզում ենք լինել իրոք լավ գյուղամթերք արտադրող երկիր, ապա գյուղացին վարկ ստանալու խնդիր չպետք է ունենա:

Հ. Բերբերյանն ասաց նաև, որ օրեր առաջ 14 գյուղատնտեսական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետին՝ խնդրելով վերադառնալ մեկնարկային ներմուծման ռեժիմին, որը Կառավարությունը գրանցեց 2011թ. (հարկերից ազատել գյուղգործիքները, պարարտանյութը, թունաքիմիկատները, սերմացուն, բանջարեղենի սերմերը…): «Այսօր այդ ցանկը պակասել է՝ կապված «ԵվրԱզԵս»-ի պայմանագրի հետ, այդ կազմակերպությունները կարծում են, թե մեր մասնագետներն այստեղ վատ են աշխատել, որովհետև, օրինակ, ցորենի, գարու ու կարտոֆիլի վրա ավելացված արժեքի հարկ չկա, բայց լոլիկի ու վարունգի վրա կա, ինչի՞ համար. սերմերի մասին է խոսքը: Նույնը՝ թունաքիմիկատները, որոնք շատ են ներկրվել, դրանց վրայից ավելացված արժեքի հարկը հանել են, բայց, ասենք՝ քիչ քանակությամբ ներկրվող թունաքիմիկատներից ավելացված արժեքը չի հանվել»,- ասում է նա:

Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ իրենք նույնպես աշխատում են ներմուծվող ապրանքների ցանկի վրա, և փոփոխություններ կատարելու առաջարկով կդիմեն ՀՀ ղեկավարությանը: Հ. Բերբերյանը հուսով է՝ ՀՀ ղեկավարությունը կընդառաջի, և այդ ցանկն ավելի կմեծացնեն, քանի որ նույն թունաքիմիկատն ազդելու է գյուղմթերքի ինքնարժեքի բարձրացման վրա: Հակառակ դեպքում, նրա դիտարկմամբ՝ եթե ինքնարժեքը բարձրանա, ապա հետևանքները ծանր կլինեն: «Առանց այդ էլ՝ տրանսպորտային մեր ծանր վիճակը բերում է նրան, որ շուկայում հաղթանակներ չենք գրանցում: Եթե Հայաստանը 2013-2014 թթ. կարողացավ ռեկորդային կարտոֆիլի արտահանում անել Վրաստան և այլ երկրներ ՝ 44 հազար տոննայի մասին է խոսքը, հիմա, եթե ինքնարժեքը բարձրանա, էլ մենք շուկայում տեղ չենք ունենա»:

Նա, ի դեպ, նաև հայտարարեց, որ գյուղացիները բանջարեղենի, կարտոֆիլի սերմեր ձեռք բերելու համար կարող են դիմել իրենց կազմակերպությանը. «Կօգնենք՝ ինքնարժեքով ձեռք բերել. մենք առևտրային կազմակերպություն չենք, բայց մենք այդ աղբյուրներն ունենք ու կօգնենք, որ գյուղացիներն այս տարի կարողանան ցանքատարածություններն ավելացնել»:

Խոսելով Արարատյան հարթավայրում տարածված ֆիլոքսերա հիվանդության մասին՝ Հ. Բերբերյանն ասաց, թե Կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել՝ 1 հեկտարի համար ամեն տարի գյուղացիներին տրամադրելով 1 միլիոն 100 հազար դրամ գումար :Նրա խոսքով՝ ֆիլոքսերան կարանտին հիվանդություն է, որը պետք է անպայման ոչնչացվի (նույնը՝ աֆրիկյան ժանտախտը, որը խոզերի մոտ է հանդիպում, այն նույնպես կարանտին հիվանդություն է, որն անպայման պետք է ոչնչացվի): Այս հիվանդությունները հենց նրա համար են, որ պետություններն իրենց ցանկում նշեն, և Պարենի անվտանգության ծառայությունը պարտադիր ռեժիմ մտցնի տվյալ տարածքում, որ հետագայում այդ հիվանդությունը չտարածվի այլ հողերում. այս հիվանդությունը, 3 տարի չմշակելու դեպքում, վերանում է:

Տրամադրվող գումարի չափը, ըստ Հ. Բերբերյանի, բավարար է: Նա կարծում է՝ Արարատյան հարթավայրն իր հողային տեսքով նպաստելու է նրան, որ մենք այդ հիվանդությունը շատ արագ կհաղթահարենք: «Ցորենի մշակությունից 1 հեկտարից 200-300 դոլար շահույթ է ստանում գյուղացին: Արարատյան հարթավայրում ֆիլոքսերան կանգնեցնելը ծանր գործընթաց է, քանի որ այն սարսափելի թրթուռ է. երբ վարակը մտնի, էլ տարիներով դուրս չի գա: Մենք վաղուց պետք է անեինք դա. երբ 5 տարի առաջ ասացինք՝ ֆիլոքսերա են նկատել, մեր չինովնիկներն անտեսեցին, փառք Աստծո, այսօր Կառավարությունը գումար է հատկացրել, և դա փնովել այսօր, կարծում եմ՝ սխալ է: Իհարկե, եթե 5-6 տարի առաջ սրա դիմացն առնեին, այս վիճակը չէինք ունենա»,- ասում է նա:

168.am-ի հարցին՝ Հայաստանն այսօր ի՞նչ ապրանքներ է արտահանում Ռուսաստան, Հ. Բերբերյանը պատասխանեց. «Այսօր մենք գյուղմթերք չունենք արտահանելու, բայց մենք արտահանելու ունենք կոնյակ, պահածո, պանիր… Գիտեք՝ այս գնային քաղաքականության ժամանակ, երբ Ռուսաստանը փորձում է գները ցածր պահել, իսկ մեր շատ տնտեսություններ տուժում են արժեզրկումից, մենք շատ գործարաններ ունեցանք, որ լուրջ հարված ստացան, քանի որ տվել են՝ վաճառքից հետո գումարը ստանալու համար: Արդյունքում՝ այս արժեզրկման գործընթացները բերել են նրան, որ մեր արտահանողները շատ մեծ վնասներ են կրել, քանի որ պայմանագրերը գրված են եղել ռուբլով: Ընդհանրապես՝ պետք է գործարարները հաշվի առնեին, որ այդ ռիսկային երկրներում, որտեղ վտանգ կա, մտածեին ու կայուն արտարժույթով կապեին այդ պայմանագրերը: Օրինակ՝ երբ մեր գյուղացիները Եվրոպայից տնկանյութ են ստանում կամ սերմացու, այնտեղ գրված է հստակ՝ դրամով, բայց արտարժույթի այսօրվա հաշվարկով»:

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս