Ռուսաստանի համար Հայաստանը ֆոնային գործընկեր է, Հարավային Կովկասում ՌԴ ներկայության միֆը և ոչ ավելին. Դուբնով
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
– Պարոն Դուբնով, ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է՝ վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո: Մոսկվայում կա՞ արդյոք այս ընկալումը, քաղաքական շրջանակներում չկա՞ն մտավախություններ, որ Ռուսաստանը կկորցնի իր վերջին դաշնակիցներին, ուստի նրանց պետք է գնահատել:
– Ես այդ վերլուծությունը լուրջ և փաստարկված չեմ համարում, որովհետև հակասող կարծիքներ են ընդգրկված: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա Ռուսաստանը Հայաստանի դեպքում լուրջ խնդիրներ չունի, քանի որ իշխանության հայկական մոդելը նույնիսկ ենթադրում է մաքսիմալ սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ, այնքան մաքսիմալ, որը թույլ կտա շատ հարցերում պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա, ինչպես տեղի ունեցավ Գյումրիի ողբերգությունից հետո: Հայաստանի կոռումպացված, օլիգարխիկ իշխանական համակարգը հիմնված է Ռուսաստանի վրա, որից կարելի է ենթադրել, որ այդ իշխանության համար Ռուսաստանի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ երկրի աջակցությունը:
Ուստի Ռուսաստանը միշտ առաջին տեղում կլինի ներկայիս իշխանությունների համար, ինչն էլ չի ենթադրում, որ Հայաստանն անպայմանորեն պետք է հրաժարվի իր հռչակած կոմպլեմենտար քաղաքականությունից: Այսինքն` դա կարող է շարունակվել ապագայում ևս: Հայաստանում ոչինչ չի փոխվում նույնիսկ հասարակական կարծիքի մակարդակում: Նույնիսկ ինձ թվում է, որ այն փոփոխությունները, որոնք «Ստրատֆորը» կարող էր դիտարկել, սրանք են` «Ժառանգորդ» օպերացիայի մեկնարկը մոտենում է, Հայաստանում ավելանում են մարդիկ, ովքեր չեն մոռացել Սերժ Սարգսյանի հեշտ հրաժարումը եվրոպական ինտեգրացիայից:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այստեղ այլ իրավիճակ է: Եվրոպական ինտեգրացիայի մասին խոսք չկա: Բելառուսը փորձում է օգտագործել սեփական ռազմավարական դիրքն արդեն մի քանի անգամներ, իսկ ես չեմ կարծում, որ նրան կհաջողվի մեծ հաշվով իրավիճակ փոխել: Պետք չէ չափազանցնել խոսակցություններն այն մասին, թե Լուկաշենկոն արևմտյան գիծ է որդեգրում և հրաժարվում է Մոսկվայից: Չի հեռանա Լուկաշենկոն Մոսկվայից, քանի որ կա համակեցություն, և ներկայիս իշխանությունները հակված չեն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմամբ այն ծավալով, ինչը որոշ փորձագետներ հնարավոր են համարում: Այս ամենը պայմանավորված է նաև ընտրություններով: Կարծում եմ, որ ընտրություններից առաջ Մոսկվան Լուկաշենկոյի հետ կկարողանա պայմանավորվել, հիմնական վեկտորներում Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները կմնան անփոփոխ, որոշակի ֆոն և դեկորացիաներ Լուկաշենկոն բնականաբար կփոխի՝ Բելառուսին ներկայացնելով մի երկիր, որը կարող է վերականգնել իր հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:
– Այնուամենայնիվ հայաստանաբնակ հասարակության շրջանում կուտակված հակառուսական տրամադրությունները գլուխ բարձրացրեցին Գյումրիի ողբերգությունից հետո, առաջացել է հայ-ռուսական հարաբերությունների վերանայման, այդ հարաբերությունների համաչափությունը վերականգնելու հարց: Չպե՞տք է ռուսական կողմը քայլեր ձեռնարկի այս տրամադրությունները վերացնելու համար:
– Հայ-ռուսական հարաբերությունները պարզապես չեն կարող համաչափ լինել հասարակական կարծիքի մակարդակում: Ռուսաստանցիների մեկ երրորդն է լսել այն մասին, ինչ պատահել է Գյումրիում, ավելի պակաս հատվածն է իրականում տեղյակ, թե ինչ է այնտեղ կատարվում այսօր: Չեն կարող համաչափ լինել, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանը ֆոնային գործընկեր է, Հարավային Կովկասում ՌԴ ներկայության միֆը և ոչ ավելին: Հայաստանի մասին որևէ մեկը ոչինչ չգիտի և հետաքրքրված էլ չէ: Այնինչ Հայաստանի և հատկապես իշխանությունների համար, համապատասխանաբար, Ռուսաստանի իշխանությունները սահմանադրության նման մի բան են: Խնդիրը հայկական հասարակության ոչ ինքնաբավության մեջ է, և ՀՀ իշխանությունները դա օգտագործում են: Այսինքն` համաչափություն, հավասարակշռություն չի կարող լինել:
Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրություններին, դրանք հակառուսական տրամադրություններ չեն, դրանք հակաիշխանական են: Հաասարակությունը դժգոհություններ ունի սեփական իշխանություններից, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի հետ նման հարաբերություններ: Չեն կարող Հայաստանում լինել հակապուտինյան, հակակրեմլյան տրամադրություններ:
– Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակների «ձեռնպահ» քվեարկությունը: Հայաստանում կա վարկած, որ այդ քվեարկությունն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու անվստահության մթնոլորտը:
– Սա կարծես հուսադրող նշան է: Սակայն ինձ թվում է, որ Հայաստանը երբեք չէր գնա նման դեմարշի` չհամաձայնեցնելով նման քայլ Ռուսաստանի հետ: Գյումրիից հետո քննարկվել է իրավիճակը և որոշում կայացվել՝ այս անգամ Հայաստանին թույլ տալ հանդես գալ ոչ ավանդական եղանակով: Չեմ կարծում, որ դա ինքնուրույն քայլ է, այլ հակառակը:
– Ռուսական մամուլը գրում է, որ Ռուսաստանը կընդունի Ադրբեջանի հղած ուղերձը ԵԽ ԽՎ-ից, որն արտահայտվեց ԵԽ ԽՎ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության օգտին քվեարկությամբ: Ի՞նչ ուղերձ էր դա, որի մասին այդքան խոսվում է, և ի՞նչ ասել ՝է ընդունել:
– Ես չեմ կարծում, որ դրանում մենք պետք է ուղերձ փնտրենք: Ես կարծում եմ, որ դա արտահայտում է Ադրբեջանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը: Ադրբեջանում կա լուրջ պոլեմիկա, ուկրաինական ճգնաժամն Ադրբեջանում ավելի է ամրացրել Մոսկվայի հետ հարաբերությունների կողմնակից քաղաքական ուժերի դիրքերը: Ես կարծում եմ, որ այդ քվեարկությունն արտահայտեց այդ պոլեմիկան: Ես չեմ կարծում, որ Մոսկվան այս քվեարկությամբ ինչ-որ նոր բան իմացավ Ադրբեջանի մասին, ես չեմ կարծում, որ նույնիսկ այդ արդյունքն այդքան կարևոր էր Ռուսաստանի համար: Աղմկահարույց ոչինչ դրանում չկա: