Բաժիններ՝

ՓՄՁ-ների ներկայացուցիչները ԱԺ արտահերթ նիստից առաջ հավաքվելու են ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՓՄՁ-ների մի շարք ներկայացուցիչներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:

Արդեն մեկ շաբաթ է՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում  ՀՀ կառավարության, ինչպես ՀՀ նախագահական նստավայրի մոտ:

Կարդացեք նաև

ՀՀ նախագահի նստավայրից կրկին կառավարություն վերադարձած ձեռնարկատերերը հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին, նրանք նաև սպառնում էին փետրվարի 1-ից գործադուլ անել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների պատվիրակությանը և խոստացավ նրանց պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Սակայն մինչ այդ կառավարության կայքում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ շաբաթ օրը կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկել «Շրջանառության հարկի» մասին օրենքը՝ որոշում կայացնելով հետաձգել օրենքի կիրառումը մինչև 2015թ. հուլիս ամիս:

Այս որոշումը, սակայն, ՓՄՁ-ների ներկայացուցիչներին չի գոհացնում, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ կլինի այն, ինչ հոկտմեբեր ամսին տեղի ունեցավ, ու այս հարցին ոչ մի լուծում չի տրվի: Ըստ նրանց՝ կառավարությունը հետաձգեց օրենքի կիրառումը՝ ընդամենը ժամանակ շահելու նպատակով, իսկ ամռանը նրանք հանգստի կգնան, ու ՓՄՁ-ների ներկայացուցիչներն այդ ժամանակ ոչ մեկին չեն կարող բողոքել:

Այսօրվա ԱԺ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ցուցարարների հետ հանդիպման էր եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրենքը պետք է փոխվի, քանի որ այն իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում. «Որովհետև խոշորները, մեծերը, իշխանությունները՝ ժողովրդի հաշվին միլիոններ են դիզում, իսկ մարդիկ պետք է հազարավոր թղթեր հավաքեն՝ մի կտոր հաց իրենց սեղանին դնելու համար։ Այս օրենքը ձևական է, անհեթեթ է, ամոթ է»:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկան նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը, որոնք տեղեկացրեցին, որ այսօր ոչ իշխանական եռյակը ժամը 18:30-ին արտահերթ նիստ է հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքը քննարկելու համար:

ԲՀԿ-ական պատգամավորենրի հեռանալուց հետո՝ ցուցարարները որոշեցին գնալ և վերադառնալ 18:00-ին՝ արտահերթ նիստի մեկնարկի ժամանակ:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը նշել էր, որ դեռևս հստակ չգիտի՝ այսօր ժամ 18։00-ին կգնա՞ն վարչապետի մոտ՝ պատասխանը ստանալու, թե՞ ոչ, և արդյո՞ք նույն խումբը  կբարձրանա  վարչապետի հետ հանդիպման, որովհետև այն խումբը, որը  նախորդ անգամ բարձրացել  էր վարչապետի  հետ հանդիպման, ըստ նրա՝ այնքան էլ չէր ներկայացնում ժողովրդի  շահերը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս