Բաժիններ՝

Փոքր ու միջին ձեռնարկատերերին չի գոհացնում կառավարության ժամանակավոր որոշումը

Օրեր շարունակ ՀՀ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ էին կազմակերպում Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչները՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի: Նրանք պահանջում էին կասեցնել օրենքը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պայքարը մի քանի օր անց կառավարության շենքից տեղափոխեցին ՀՀ նախագահական նստավայր՝ սպասելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանին:  ՀՀ նախագահի նստավայրից կրկին կառավարություն վերադարձած ձեռնարկատերերը հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների պատվիրակությանը և խոստացավ նրանց պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Այնուհետև կառավարությունը որոշում  կայացրեց  «Շրջնառության հարկի մասին»  օրենքի կիրառումը հետաձգել  մինչև  հուլիս  ամիս:  ՓՄՁ-ների ներկայացուցիչներին, սակայն,  այդ  որոշումը չի գոհացնում, և  այժմ նրանք  ԱԺ շենքի դիմաց կրկին բողոքի  ակցիա են իրականացնում։ Նրանք  նշում են, որ կրկնվում է հոկտեմբերի նույն  սցենարը, և կառավարությունն ուզում է ընդամենը  ժամանակ  շահել։

Կարդացեք նաև

168.am-ի  հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ  Արտակ  Խաչատրյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դեռևս հստակ չգիտի՝ այսօր ժամ 18։00-ին   կգնա՞ն վարչապետի մոտ՝ պատասխանը  ստանալու, թե՞ ոչ, և արդյո՞ք նույն խումբը  կբարձրանա  վարչապետի հետ հանդիպման, որովհետև այն խումբը, որը  նախորդ անգամ բարձրացել  էր վարչապետի  հետ հանդիպման, ըստ նրա՝ այնքան էլ չէր ներկայացնում ժողովրդի  շահերը։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը բողոքի  ակցիայի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր ակցիայի մասնակիցներից 15 հոգու և լսել նրանց պահանջը։

168.am-ի  հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի  Փոստանջյանն ասաց, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են երկար  պաշտոնավարելու համար, և այս  բոլոր գործողությունները  դրան են ուղղված։  Ըստ նրա՝ այս հարցին լուծում տրված  չէ։

Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում։ 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս