Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազել են 8%-ով
Անցած տարի Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալը զգալի պակասել է: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թ-ին 2013-ի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած ոչ առևտրային բնույթի փոխանցումները նվազել են ավելի քան 8%-ով և կազմել շուրջ 1 մլրդ 728 մլն դոլար:
Տրանսֆերտների ծավալի կտրուկ կրճատում սկսել է գրանցվել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Ու թեև 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տրանսֆերտները որոշ չափով աճել են, սակայն 1 տարվա կտրվածքով անկումը մոտ 47 % է: Ընդ որում՝ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը դեկտեմբերին տարեկան կտրվածքով ավելացել է 34 %-ով և, հասկանալի է, որ ընդհանուր ծավալի այս կտրուկ նվազման պատճառը Ռուսաստանից եկող տրանսֆերտների աննախադեպ անկումն է՝ գրեթե կիսով չափ: