Ահազանգ. Պահանջում ենք վերանայել ներբակային շինության հարկայնությունը
Մայրաքաղաքի ներբակային տարածքներում շարունակվում է բազմահարկ շենքերի կառուցման քաղաքականությունը, որը ճարտարապետաշինարարական ոլորտում քաղաքային իշխանությունների կոռումպացվածության, տգիտության և նրանց ապօրինի գործելակերպի դրսևորումներից մեկն է։ Այդ գործեկալերպով քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող պարոն Տարոն Մարգարյանի, ոտնահարում է կետային կառուցապատման համար ընտրված տարածքի շրջակա շենքերի բնակիչների հիմնարար իրավունքները։
Ամիրյան 28, Կողբացի 42, Նալբանդյան 106/1, Կոմիտասի 5 և բազմաթիվ այլ հասցեներին կարծես ավելանում է ևս մեկը։
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի N 12 և 13 շենքերի բնակիչներից, ովքեր փաստում են, որ այս պահին իրենց շենքերից ընդամենը 5-7 մետր հեռավորության վրա երկհարկանի նորակառույցի շինարարություն է ընթանում:
Տարածքի բնակիչ Սիրանուշ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց բակում դեռևս 2014-ի ամառվանից կառուցվող շինության նախագծից հստակ երևում է, որ N 12 և 13 շենքերի հարևանությամբ կառուցվող երկհարկանի շինությունը կծածկի հարակից շենքերի բնակարանների լուսավորությունը:
Տարածքի բնակիչները խիստ մտահոգված են, քանի որ ներբակային կետային կառուցապատման այս հերթական ծրագիրը սպառնում է զրկել նրանց արևի լույսից և կանաչ տարածքից:
Քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել և դիմել պատկան մարմիններին՝ պարտավորեցնելու քաղաքային իշխանություններին վերանայել նախագիծը և շինության հարկայնությունը՝ հարգելով իրենց՝ առողջ կենսամիջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն