Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու, խնդիրները լսելու համար և իրենց դիտարկումները ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, արարեն ու այդպիսով նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը փաստել է, որ օրենքի առնչությամբ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տնտեսվարողների հարցերին և ներկայացրել իրենց փաստարկները:

PMZ1

PMZ2

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս