Օքսանա Բաբուրյան. ««Նախշուն բաջի» երգի լավագույն կատարողն ինձ են համարում և հաճախ ինձ կոչում են «Նախշուն»» (տեսանյութ)
Վերջին տարիներին սովորական է դարձել մեզ համար` միացնել հեռուստացույցը և էկրանին որերորդ նոր երգիչ-երգչուհուն տեսնել` իրենց տեսահոլովակների պրեմիերաներով: Այսօր հասարակությանը չես զարմացնի էկրանին երևալով. պետք է տարբերվես, որ հիշվես: Նորերը շատ են, մնում է՝ հաստատեն իրենց հիմնական դիրքը շոու-բիզնեսում և ամեն անգամ թարմություն մատուցեն:
Նորերի շարքից է Օքսանա Բաբուրյանը, ով շատերին հայտնի է՝ որպես «Նախշուն». Արցախում ծնված ու «Արցախի ձայներ» նախագծից հայտնի դարձած երգչուհուն այսօր ճանաչում են ոչ միայն ԼՂՀ-ում, այլև Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Շատերն Օքսանային գիտեն միայն որպես երգչուհի, բայց նա նաև շատ սիրում է նորաձևություն ու հագուստի դիզայնով է զբաղվում: Օքսանան շատ է շրջագայել, բազմաթիվ բեմերում է հայտնվել ու մրցանակներ ստացել: 2014-ի օգոստոսին երգչուհին ներկայացրեց իր առաջին անհատական տեսահոլովակը` «Արիա-վոկալիզ», հեղինակ՝ Առնո Բաբաջանյան: Մոտակա ժամանակահատվածում խոստացել է ներկայանալ նոր տեսահոլովակով և օր օրի իր հիմնական տեղը հաստատել այսօրվա հայկական շոու-բիզնեսում: Նախշուն երչուհու հին և ակնկալվող տեսահոլովակների, «Արցախի ձայներ» նախագծի, հայտնի ամուսնության առաջարկության և այլ թեմաների մասին զրուցել ենք երգչուհի Օքսանա Բաբուրյանի հետ:
– Թվով երկրորդ տեսահոլովակն եք պատրաստվում ներկայացնել հանրությանը. ի՞նչ տեսահոլովակ է լինելու այն, և ե՞րբ կլինի պրեմիերան:
– Եթե խոսենք Նախշուն երգչուհու մասին, ապա դա 2-րդը կլինի, իսկ եթե «Արցախի ձայնի» և իմ մասնակցության մասին, ապա 3-րդն է: Ի դեպ, փետրվարի 16-ից կսկսենք նախապատրաստական աշխատանքները: Կլինի շատ «համով» տեսահոլովակ: Ինչ վերաբերում է իմ անհատական տեսահոլովակին` ապա Նախշունը սպասում է «բնության զարթոնքին»:
– Իսկ ի՞նչ տեսահոլովակ հենց Օքսանա Բաբուրյանից սպասենք, ի՞նչ ժանրում կլինի երգը:
– Երևի` հենց «Նախշուն բաջին» կնկարահանենք, դա Արցախի ազգային երգերից է, շատ հայտնի է: Տվյալ պահին ավելի շատ զբաղված ենք խմբի տեսահոլովակով, դրանից հետո կանենք իմը:
– Ձեր առաջին տեսահոլովակի երաժշտության հեղինակն Առնո Բաբաջանյանն է. ինչո՞ւ հենց այդ երգով որոշեցիք ներկայանալ: Կարծում եք` հայտնի կոմպոզիտորի երաժշտությունն ընտրելով՝ ավելի շատ ճանաչում ձեռք բերեցի՞ք:
– Չէի ցանկանում ուղղակի երգ երգել, ուզում էի ներկայանալ մի գործով, որն իր մեջ կունենա «կրեատիվ» գաղափար, կկապի ժամանակներն իրար և շատ արժեքավոր կլինի հայության համար: Եվ նաև ուզում էի, որ երիտասարդները հայտնաբերեին այսպիսի Բաբաջանյան, քանի որ բոլորը գիտեն Բաբաջանյանի էստրադային երգերը: Իհարկե, միգուցե ավելի շատ ճանաչում ձեռք կբերեի այլ գործով, բայց սա իմ ոգու ցանկությունն էր:
– Ընդունվե՞ց այն այսօրվա հայերի կողմից:
– Կա երկու տիպի կարծիք. բացասական` շատ կոնսերվատիվ կլասիկ երաժիշտների և ցածրորակ երաժշտություն սիրողների կողմից, և դրական` հատկապես շատ երիտասարդ և 35-ն անց մարդկանց կողմից:
– Ինչո՞ւ՝ հենց «Նախշուն». Դո՞ւք եք ընտրել Ձեր բեմական կեղծանունը:
– Այդ անունն ակամա կպել է ինձ, քանի որ «Նախշուն բաջի» երգի լավագույն կատարողն ինձ են համարում և հաճախ իմ անունը տալու փոխարեն՝ ասում են՝ «Նախշուն». «Ինձ ասում են նախշուն բաջի, Ղարաբաղա նախշուն բաջի…»: Ես էլ որոշեցի հաստատել դա և դարձնել բեմական անուն:
– Ձեզ այսօր ճանաչում են՝ որպես «Արցախի ձայներ» նախագծին մասնակցած երգչուհի. հենց այդ նախագծի շնորհիվ Դուք ճանաչում ձեռք բերեցիք: Ի՞նչ կասեք «Արցախի ձայների» մասին:
– Դա շատ հետաքրքիր պատմություն է, որը սկսվեց Լիրա Քոչարյանից, ով մագնիսի նման դեպի իրեն ձգեց Արցախում եղած լավագույն ձայներին ու արտիստներին: Եվ մենք բոլորս միասին մի փոքր երաժշտական հեղաշրջում արեցինք և՛ Արցախում, և՛ Սփյուռքում: Մեզանով Արցախը ճանաչեցին ուրիշ կողմից, ոչ թե պատերազմող և ավերված երկիր, այլ գեղեցիկ, ուժեղ, կյանքը սիրող նոր սերունդ: «Արցախի ձայներ» նախագծով մենք և՛ ճանաչեցինք (Ռազմիկ Ամյան, Վարդան Բադալյան, Վլադիմիր Արզումանյան, Էռնա, Tim De Beatz, Թամարա Պետրոսյան), և՛ ճանաչել տվեցինք մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում: Հիմա «Արցախի ձայները» արդեն Արցախի բրենդներից մեկն է: Ես հպարտ եմ, որ ունեմ իմ ներդրումը:
– Կարծում եք` Արցախի օդն ու ջուրը «մեղավո՞ր» են Ձեր արտաքինի ու ձայնային տվյալների հարցում:
– Եթե ուզում եք ինձ «կոմպլիմենտ» անել, ապա` այո: Համաձայն եք, չէ՞, որ Ղարաբաղի օդն ու ջուրը հրաշքներ են գործում…
– Սովորաբար բոլոր երգիչ-երգչուհիները մինչ իրենց կարիերան սկսելն ունենում են կուռքեր, որոնց փորձում են նմանվել ու ոգեշնչվել: Ձեր կուռքերն ովքե՞ր են եղել:
– Ինձ մոտ երբեք չի ստացվել նմանակել, բայց ոգեշնչվել կարող եմ ամեն րոպե և ամեն ինչից, օրինակ, Ձեր հարցազրույցից…
– Համաձայն եմ` հարցազրույցներից շատերն են ոգեշնչվում, բայց ինձ հետաքրքիր է, Դուք՝ որպես «երգի մարդ», ի՞նչ տեսակի երաժշտություն եք լսում և ո՞ւմ եք լսում` պարզապես, առանց նմանակելու:
– Շատ ծայրահեղ կարող է լինել ճաշակս. Pink Floyd, Queen, Woodkid, John Lennon…. RnB եմ նաև շատ սիրում` Swizz Beatz, Beyoncé, Kelly Clarkson…
– Դուք նաև հագուստի դիզայնով եք զբաղվում, Ձեր հագուստների հեղինակը Դո՞ւք եք:
– Այո, ոչ միայն իմ, այլև բոլոր այն աշխատանքներին եմ մասնակցում, որոնք կապված են «Արցախի ձայնի» հետ: Օրինակ, Վլադիմիր Արզումանյան և «Եվրատեսիլ 2010», Էռնա՝ The Voice, Եվրոպայի շրջագայություն 2008, և այդպես շարունակ…
– Շատերն են խոսում Ձեր և երգիչ Մհերի կապի մասին. հայտնի է շատերին Մհերի ամուսնության առաջարկությունը, երբ նա հրապարակավ բեմի վրա Ձեզ իր կնոջ պաշտոնն է առաջարկել: Իսկ Ձեր պատասխանը եղել է` «կմտածեմ», ու մինչ օրս ոչ հարսանիք ենք տեսել, ոչ էլ հստակ բաժանում: Միասի՞ն եք հիմա, մտածե՞լ եք արդեն:
– Դա ընդունված ձև է. երբ աղջիկն ամուսնության առաջարկ է ստանում, ճիշտ է` միգուցե ոչ հրապարակավ, բայց դա Մհերի ցանկությունն էր և որոշումը: Նա արեց շատ համարձակ և գեղեցիկ ձևով… Եվ «ջենթլմեն» գտնվեց, որովհետև երբեք չի ճնշել պատասխանի պահանջով, իսկ ես էլ թողել եմ Աստծո կամքին:
– Կարծում եք` այսօրվա հայկական երգարվեստի իրականության մեջ Դուք Ձեր հիմնական տեղը կգտնե՞ք, իսկ դրա համար կամ պետք է շատ լավը լինել ու տարբերվել բոլորից, կամ էլ շատերի նման անել անորակը:
– Ինձ թվում է` ես արդեն տարբերվում եմ. անորակ չեմ անի, շատ լավին կձգտեմ: