Բաժիններ՝

Ցուցարարները գոհ էին վարչապետի հետ հանդիպումից

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների մոտ իջան 15 հոգուց բաղկացած այն խմբի անդամները, ովքեր բարձրացել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման։

Նրանք   շատ գոհ էին Հ. Աբրահամյանի հետ հանդիպումից և նշում էին, որ վարչապետը իրենց կողքին է։ Նշեցին, որ ներկայացրել են ցուցարարներին հուզող բոլոր խնդիրները և բոլոր պահանջները, առաջին հերթին, որպեսզի սահմանային շեմն ավելի բարձրացնեն և «Շրջանառության հարկի մասին նոր օրենքը» դառնա կամավոր։ Վարչապետը խոստացել է վերանայել և կառավարության անդամների հետ քննարկել օրենքը։

Վարչապետը նաև առաջարկել է, որպեսզի այսուհետ կազմվի 10 հոգանոց խումբ, նրանք պարբերաբար հանդիպումներ ունենան և ներկայացնեն ոլորտում առկա խնդիրները։ Վարչապետը վերջնական պատասխան տալու է երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին. այս նույն խումբը կբարձրանա կառավարության շենք և կիմանա վարչապետի պատասխանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս