Աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների: Նա նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Խումբը տարբեր օրենքներ և որոշումներ է մշակում: Հ.Աբրահամյանը հանձնարարեց, որ Վ.Գաբրիելյանը ներկայացնի կատարած աշխատանքը:
Վ. Գաբրիելյանը հայտնեց, որ քննարկել են տարբեր միջոցառումներ տնտեսության աջակցության համար, ներկայացվել է արտահանման խթանման մասին օրինագիծ, որը հրատապ է համարվել և ԱԺ առաջիկա քառօրյայում կքննակվի: Նա նշեց, որ ՀՀ պարտատոմսերը միջազգային շուկայում ունեն շատ բարենպաստ տոկոս, և այդ գումարները ներգրավելու դեպքում դրական կլինի:
«Երբ այլ ներդրողները տեսնում են, որ կարողանում ենք հեշտ պայմաններով ներգրավել արտաքին պարտք, դա ևս հեշտացնում է արտաքին ֆինանսական հոսքը»,- ասաց Վ.Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ ԿԲ կողմից շուտով քննարկման կդրվի արտարժութային փոխանակման կետերի նոր հայեցակարգ, ՏՄՊՊՀ հետ քննարկվել է գների փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը: Փոխվարչապետը նշեց, որ պետք է նայել, թե դրսից եկող էական տատանումներն ինչպես կազդեն. «Սա շատ կարևոր է մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու համար»: