«Արդա՞ր է իրենց պահանջը, թե՞ ոչ». վարչապետը՝ առևտրականների բողոքի մասին
Այսօր կառավարության նիստին զուգընթաց դրսում՝ շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխություններից դժգոհ տնտեսվարողները: Նրանց բացականչությունները լսվեցին նաև գործադիրի նիստի դահլիճում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե «այս դժգոհ մասսայի հետ» հանդիպումները ինչ արդյունք են տվել:
«Արդա՞ր է իրենց պահանջը, թե՞ ոչ»,- հարցրեց վարչապետը:
Վ.Միրումյանը պատասխանեց, որ պետությունը շեշտակի նվազեցրել է հարկային բեռը, փոխարենը սահմանելով փաստաթղթավորման պահանջ, բայց պարզվել է, որ դեռևս կան չկարգավորված հարցեր, որոնք խնդիրներ են առաջացում: Մասնավորապես, նշեց Միրումյանը, ապրանքային ձեռքբերումներ են կատարում արտերկրում, որոնց տեղափոխումը կատարվում է մասնագիտացված փոխադրող կազմակերպության միջոցով և փոքր տնտեսվարողները չեն կարողանում փաստաթուղթ ձեռք բերել: Ըստ նրա՝ կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորեց, որ անկախ մաքսազերծմանը մասնակացում է ձեռք բերման փաստաթուղթը, թե ոչ, այդ փաստաթղթերը ընդունվում են: Ըստ Միրումյանի՝ նշվում էր, որ գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, պահանջվում էր ապրանքները կոնկրետ նկարագրել, բայց հեշտացվել է, սահմանվել է, որ գույքագրում միայն մեկ անգամ է ներկայացվում, նաև սահմանվել է, որ խոշորացված ապրանքային խմբերով՝ միայն անվանումն ու քանակը ներկայացվի: Միրումյանի խոսքով՝ երրորդ խնդիրը կապված էր տնտեսվարողների իրազեկվածության խնդիր, աշխատանքներ տարվել են և տնտեսվարողներն իրազեկվել են:
Հ.Աբրահամյանը հանձնարարեց կազմակերպել հանդիպումներ՝ այս մասին միշտ մարդկանց տեղեկատվություն տալու համար:
«Փաստորեն մենք մեր կողմից մեր պայմանները կատարել ենք: Հիմա իրենց կողմից որևէ լրացուցիչ պահանջ կա՞»,- հարցրեց վարչապետը:
«Ինձ հայտնի չէ»,- պատասխանեց Միրումյանը: