ՓՄՁ-ների ներկայացուցիչների ակցիան ավարտվեց, այն շարունակվելու է վաղը (ֆոտոշարք, տեսանյութ)
Քիչ առաջ նախագահական նստավայրի մոտ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան և նորից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանք հայտարարեցին, որ այսօր իրենք ցույց տվեցին, թե որքան շատ են ու ինչ ուժ են իրենցից ներկայացնում: Վաղն առավոտյան կառավարության շենքի մոտ նրանք կրկին հավաքվելու են՝ շարունակելու իրենց բողոքը «Շրջանակառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
Նշենք նաև, որ ցուցարարները պատրաստվում են փետրվարի 1-ից ոչ մի հարկ չվճարել, իսկ փետրվարի 1-ը հայտարարել են համընդհանուր գործադուլ ու կոչ արել բոլոր ձեռներեցներին և գործարարներին միանալ իրենց ակցիային:
Հիշեցնենք, որ «Շրջանակառության հարկի մասին օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվանից հայտարարում են, որ ավելի լավ է 3.5 տոկոս հարկ վճարեն, քան կատարեն նախատեսվող փաստաթղթավորումը: Նրանք նշում են, որ չեն կարող այդքան շատ թղթաբանությամբ զբաղվել, բացի այդ՝ շատ հաճախ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները իրենց փաստաթուղթ չեն տալիս: