Ոստիկանները պատ են կազմել և ժողովրդին փորձում են հեռացնել փողոցից
Կառավարության շենքի առջև այսօր առավոտից սկսված բողոքի ակցիան շարունակվում է ՀՀ նախագահական նստավայրի առջև: Հիշեցնենք, որ ակցիան նախաձեռնել են Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երևանից և մարզերից ժամանած հարյուրավոր առևտրականներ, Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներ։
Քիչ առաջ ցուցարարները, հասնելով նախագահական նստավայր, փորձեցին փակել Բաղրամյան պողոտան։ Այժմ ոստիկանները պատ են կազմել ու փորձում են ժողովրդին փողոցից դուրս հանել։ Ոստիկանները հորդորում են ժողովրդին ենթարկվել իրենց, հակառակ դեպքում ժողովրդի նկատմամբ ուժ կկիրառեն։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:
Մանրամասները՝ առաջիկայում։