Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը: Այսուհետ 2014թ. ապրիլին մեկնարկած ծրագիրը կշրջանառվի «Ջերմ օջախ» անվամբ՝ արտացոլելով իր հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել հարմարավետություն և ջերմություն
յուրաքանչյուր հայկական օջախում: Հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել է նաև «Ջերմ օջախ» ծրագրի լոգոն:
«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Ծրագրի շրջանակում տրամադրվում է երկու վարկատեսակ՝ միկրո կամ փոքր վերանորոգման վարկեր (500- 4,000 եվրոյին համարժեք դրամ) և միջին էներգախնայող վարկեր (4,001- 10,000 եվրոյին համարժեք դրամ)՝ 11%-14% տոկոսադրույքով, 6 ամսից մինչև 2 տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով և 5-10% դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ՝ կախված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերի ընդհանուր գումարից և ստացված էներգախնայողության աստիճանից:
Ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ
Փաբլիք Քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական «ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ» (MEI) ընկերության և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ: Տեխնիկական աջակցության ծրագիրը ներառում է մարքեթինգի և հանրային իրազեկման բարձրացման ուղղված միջոցառումների իրականացումը, գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացումը, ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի կառավարումը և արդյունքների գնահատումը:
«Ջերմ օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Française de Développement) ֆինանսավորմամբ: Տեխնիկական աջակցության ֆինանսավորումը տրամադրվել է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից (EU Neighbourhood Investment Facility):