ՌԴ Պետդուման կարող է դատապարտել 1989 թվականին ԳՖՀ-ի կողմից «ԳԴՀ-ի բռնակցումը»
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովին հանձնարարել է դիտարկել այնպիսի հայտարարություն ընդունելու հնարավորությունը, որը «կդատապարտի 1989 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) կողմից Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) բռնակցումը»:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Իվանովը: Նա Նարիշկինի ուշադրություն է հրավիրել հունվարի 26-ին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հայտարարության վրա, որում նա Ռուսաստանին մեղադրել է Ղրիմը բռնակցելու մեջ:
Իվանովը կոչ է արել, որպես պատասխան քայլ, պատրաստել «1989 թվականին ԳՖՀ-ի կողմից ԳԴՀ-ի բռնակցումը» դատապարտող հայտարարություն: Իվանովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ի տարբերություն Ղրիմի՝ ԳԴՀ-ում չի անցկացվել համազգային հանրաքվե:
Արձագանքելով այդ առաջարկին՝ Նարիշկինը Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովին հանձնարարել է դիտարկել այն և առանձին զեկուցել այդ մասին: