Միրանդա Քերը ստեղծել է թեյի սպասքի հավաքածու (լուսանկարներ)
Հայտնի մոդել Միրանդա Քերն իր այգու գեղեցկությամբ և թեյախմության հիշողություններով ոգեշնչված՝ թեյի սպասքի իր հավաքածուն է ստեղծել: Այս մասին գրում է graziamagazine.ru կայքը:
Ծագումով ավստրալացի Քերը որոշել է իր ուժերը փորձել դիզայնի ասպարեզում, ճիշտ է՝ առայժմ միայն «Royal Albert» բրիտանական ապրանքանիշի թեյի սպասքի:
Կազմակերպության ներկայացուցիչը խոսելով Միրանդայի հետ աշխատանքի մասին՝ նշել է. «Միրանդան մեր ապրանքանիշի դեմքն է: Նա թեյախմության արվեստի մեջ մտցնում է մոդելին հատուկ շքեղություն»:
«Miranda Kerr for Royal Albert» հավաքածուն ամբողջովին անգլիական ամուր ճենապակուց է: Այն բաղկացած է բաժակներից, ափսեներից, թեյնիկից, թխվածքների համար նախատեսված եռաթև պատվանդանից: Հավաքածուն շատ շքեղ է, սպասքի յուրաքանչյուր նմուշի վրա պատկերված են Միրանդայի սիրելի քաջվարդն ու թիթեռները:
Միրանդայի խոսքերով՝ իրեն ոգեշնչել են բնության հանդեպ սերը, իր այգու գունային գամման, իր ճանապարհորդությունները և հիշողություններն այն մասին, թե ինչպես էր ժամանակ անցկացնում տատիկի հետ՝ թեյի սեղանի շուրջ:
Թեյի համար նախատեսված սպասքն արդեն կարելի է ձեռք բերել Royal Albert ապրանքանիշի կայքում: Բաժակների, ափսեների ու թեյապնակի արժեքն է 60 դոլար, իսկ պատվանդանինը՝ 80:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը