Դիաբետոնի պահանջարկը Հայաստանում տարեկան աճում է 10 և ավելի տոկոսով

2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.5 մլն դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12 մլն դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ տարեկան աճում է 10 և ավելի տոկոս: 2019թ. անհրաժեշտ կլինի ապահովել 13.9 մլն դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք էր բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44.7 ՀՀ դրամ:

Այս տարվա համար ՀՀ առողջապահության նախարարությունը հարցումներ է կատարել հակադիաբետիկ դեղ արտադրող մի շարք օտարերկրյա կազմակերպությունների և ստացել առաջարկներ: Վերլուծելով դրանք՝ ԱՆ-ն նախատեսում է պետության կարիքների համար անհրաժեշտ Դիաբետոն 60մգ դեղը ձեռք բերել ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվի» ընկերությունից` 1 հաբը 0.06 եվրո գնով (առանց ԱԱՀ), և 5 տարվա պայմանագիր կնքել:

ՀՀ կառավարության առաջիկա նիստում, հունվարի 30-ին, այս որոշումը կներկայացվի գործադիրի հաստատմանը: 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.6 մլն դրամ, միաժամանակ, ըստ նախարարության, ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:

Տեսանյութեր

Լրահոս