Շտայնմայերը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի վարչապետին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն, որում շնորհակալություն է հայտնել Վրաստան կատարած այցի ժամանակ արդյունավետ հանդիպումներ ունենալու համար:
Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը: Շտայնմայերը երկօրյա այցով Վրաստան է ժամանել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: Նա Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու և իշխանությունների մյուս ներկայացուցիչների հետ:
Շտայնմայերը գրել է. «Այդ այցը վկայեց մեր երկրների միջև անթերի բարեկամության մասին և շատ օգտակար էր անձամբ ինձ համար: Զրուցելով Ձեզ հետ՝ ինձ համար ևս մեկ անգամ պարզ դարձավ մեր երկկողմ հարաբերությունների նշանակությունը:
Դրա համար էլ վերադարձից անմիջապես անց իմ աշխատակիցներին խնդրեցի էլ ավելի մեծ եռանդով մոտենալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցությանը»: Շտայնմայերը կարևորել է նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի և Ռուսաստանի տնտեսական վիճակի մասին Գարիբաշվիլու տեսլականը:
Շտայնմայերը հույս է հայտնել, որ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Գերմանիայի ու Վրաստանի հարաբերություններին: