
Մենք շնորհակալ ենք Կարմիր բանակի զինվորներին. Գերմանիայի նախագահ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան երախտապարտ է Կարմիր բանակի զինվորներին, որոնք ազատագրել են նացիստական համակենտրոնացման ճամբարները: Այս մասին Օսվենցիմի համակենտրոնացման ճամաբարի ազատագրման 70-ամյակին նվիրված Բունդեսթագի նիստում հայտարարել է Գերմանիայի նաախագահ Յոահիմ Գաուկը.
«Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը 70 տարի առաջ ազատագրվել է Կարմիր բանակի զինվորների կողմից: Ոչ ոք հրեաներին ատելու հարցում այդքան հեռու չի գնացել, որքան որ նացիոնալ-սոցիալիստները, որոնք կանգ չեն առել անգամ կյանք ոչնչացնելու առջև, որն իբրև թե չի ունեցել արժեք:
Նրանք կանգ չեն առել նաև սլավոն ժողովուրդների, գնչուների, բռնի աշխատավորների, հաշմանդամների, կոմունիստների, սոցիալ-դեմոկրատների, արհմիութենական ակտիվիստների, ինչպես նաև բոլոր նրանց ոչնչացման առջև, ովքեր դիմադրել են պետական ահաբեկչությանը»:
Գաուկի խոսքերով՝ դաշնակցային զորքերը վերջ են դրել զանգվածային այդ սպանություններին. «Արևելքում մահվան ճամբարներն ազատագրել են խորհրդային զինվորները»: Գաուկն ընդգծել է, որ Հոլոքոսթի հիշատակը շարունակում է մնալ Գերմանիայի տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների գործը: