Սգո սրահների գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթը անհետաձգելի կհամարվի
ՀՀ կառավարության առաջիկա՝ հունվարի 30-ի նիստում, որոշում կընդունվի անհետաձգելի համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 15-ի նիստում հավանություն էր տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:
Հիմնավորումն այն է, որ Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: