Վկաները պատմում է, թե ինչ է եղել Վերնիսաժի կրակոցների օրը. «Շենքի մեջ վիրավոր տեսա, ինքը դուրս եկավ, ես սկսեցի իրեն օգնություն ցույց տալ, մայկաս ճղեցի տվեցի, ջուր էին բերում»
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեցին վկաները: Վկա Սեդրակ Գյուլումյանն ասաց, որ գործով ամբաստանյալներին, տուժողներին չի ճանաչել: Դեպքի օրը՝ մայիսի 17-ին, գտնվել է Վարդանանց փողոցում՝ դեպքի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա, գոռգոռոցներ են լսվել, աղմուկ-աղաղակը մոտ 10-15 րոպե է տևել, ապա մոտ 4-6 կրակոց է լսել: Ի դեպ, վկան վերջում ասաց, որ կարող են իրեն «վկա չհաշվել»:
Վկա Վարդան Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ տուժողներին, ամբաստանյալներին չի ճանաչում: Նա ասաց, որ դեպքի օրը Վարդանանց փողոցի 18/2 շենքում աշխատել է որպես անվտանգության աշխատող, ժամը 13:00-ի սահմաններում սպիտակ BMW X6 ավտոմեքենա է կանգնել ստորգետնյա ավտոկայանատեղիի դիմաց, ինքը դրսում է եղել, իր գործընկերը վարորդին ասել է, որ «մեքենան քաշի», չի կարելի այդտեղ կանգնել, սակայն վարորդն ասել է, որ շուտ դուրս է գալու:
Ըստ վկայի ցումունքի՝ այնուհետև շենքի բնակիչներից մեկը ցանկացել է դուրս գալ, բայց դիմացը փակ է եղել, և իրենք սկսել են փնտրել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Վկան պատմեց, որ որոշ ժամանակ անց տեսել են, որ միմյանց հետ վիճաբանում են BMW մակնիշի ավտոմեքենան կայանողը և շենքի բնակիչը:
«Փորձեցինք բաժանել, չէինք կարողանում բաժանել, կրակոցներ հնչեցին ու փախանք: Ես ուզում էի շենք մտնել: Շենքի մեջ վիրավոր տեսա, ինքը դուրս եկավ, ես սկսեցի իրեն օգնություն ցույց տալ, մայկաս ճղեցի տվեցի, ջուր էին բերում»,- պատմեց վկան:
Նա ավելացրեց, որ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ ևս մեկն է եղել:
Պատասխանելով գործով մեղադրողի հարցին՝ վկան ասաց, որ հետագայում է իմացել, որ այդ շենքի բնակչի անունը Գոռ Առաքելյան է: Նա այս գործով ամբաստանյալներից մեկն է: Հարցին՝ արդյոք Գոռ Առաքելյանի հետ այլ անձինք եղե՞լ են, վկան պատասխանեց, որ անձամբ չի տեսել, բայց նրա խոսելուց հասկացել է, որ կինն ու երեխան նրա ավտոմեքենայում են. «Ասում էր՝ կնոջս ու էրեխուն բարձրացնեմ վերև, գամ»:
Պատասխանելով Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ վկան ասաց, որ Գոռ Առաքելյանը վիճաբանության ընթացքում փորձել է նստել ավտոմեքենան, սակայն նրան երկու անգամ մեքենայից դուրս են հանել. «Ինքը նստում էր ավտոն, դուռը քաշում էր՝ փակեր, դուռը բացում էին, պատուհանից էլ ձեռքով խփում էին: Թե հիմա կպնում էր, չէր կպնում՝ չգիտեմ»:
Նա պատմեց, որ Գոռ Առաքելյանը կրակել է վիճաբանողներից մեկի ուղղությամբ. նրա խոսքով՝ մի քանի կրակոցներ են լսվել: Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ նախաքննության ընթացքում հարցաքննվելիս հայտնել է իրականությունը: