Բաժիններ՝

Մեր կողքին ապրող՝ ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն (ֆոտոշարք)

Քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, ու հանկարծ միանման անցորդների մեջ հայտնվում է մեկը, ով տարբերվում է բոլորից` իր վառ, գունեղ մազերով, համարձակ քայլվածքով, կարճ շրջազգեստով: Այդ աղջիկը Սերինեն է, հայտնի Սերինեն, ով չի նկատում ոչ ոքի ու ապրում է իր ստեղծած աշխարհում: Աշխարհում, որը լի է ճապոնական անիմե մուլտֆիլմի հերոսներով ու հազարավոր երազանքներով: Ինքն էլ իր ստեղծած հերոսներից մեկն է` ամենագունեղն ու իրականը. նա ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն է:

Արտասովոր աղջկան հաճախ կենտրոնական փողոցներում քայլելիս կնկատեք, բայց մարդաշատ վայրերում կամ այգում նստած` երբեք: Մեկ րոպե այգու նստարանին նստելը վաղուց արդեն նրա համար երազանք է դարձել: Վստահ է` րոպե չանցած մոտենալու են անցորդներն ու փորձելու նեղացնել իրեն: Երբ Սերինեին առաջարկեցի գնալ որևէ բացօթյա գեղեցիկ վայր ու զրուցել այնտեղ, նա առաջարկեց ընտրել հակառակը` մեկուսի մի փակ տեղ, և շտապել, քանի դեռ նեղացնողները չէին հանդիպել:

Serine (7)

Serine (4)

Կարդացեք նաև

Եվ իրոք, նրա հետ քայլելիս դժվար է չնկատել, որ բոլոր անցորդները տարօրինակ հայացքով են նայում նրան, ասես Սերինեն րոպեներ առաջ լուսնից է իջել, իսկ ոմանք նաև մեկնաբանություն-ռեպլիկներ են բաց թողնում: Չար անցորդները վաղուց Սերինեի կողմից չեն նկատվում. արդեն սովորություն է դարձրել` գլուխը կախ քայլել ու շարունակել իր ճանապարհը: Այս ամենի համար նաև շնորհակալ է իր հավատարիմ ընկերոջը` ականջակալներին, նրանք են, որ չեն թույլ տալիս չար խոսքերին` մտնել մուլտֆիլմային իր աշխարհ: Բայց լինում են նաև այնպիսի մարդիկ, որոնց դեմ անզոր են նույնիսկ ականջակալները. այնքան բարձր են վիրավորական բառեր շպրտում, որ անգամ բարձր հնչող ռոք երաժշտությունը հանձնվում է դրանց դեմ:

Ճապոնական հայտնի անիմե մուլտֆիլմերի հերոսները Սերինեին դեռ մանկության տարիներից են այցելել ու մինչ օրս նրա իդեալներն են մնացել: Փոքր տարիքից էր դեռ երազում նմանվել անիմե հերոսներին, բայց դա այն ժամանակ իր համար միայն երազանք էր:

Serine (6)

Չէր էլ պատկերացնում, որ մի օր շատ համարձակ կգտնվի ու կհրաժարվի ավանդական տաբատներից, կշպարվի սրտի ուզածի պես ու մազերի գույնը ժամանակ առ ժամանակ կներկի վարդագույնի, կապույտի, մանուշակագույնի ու կարմիրի բոլոր երանգներով: Չէր պատկերացնում, քանի որ Սերինեն մինչև 16 տարեկանը շատ բարդույթավորված է եղել. կարծում էր` գեղեցիկ չէ, չուներ ոչ մի երազանք, նպատակ, չէր շփվում գրեթե ոչ մեկի հետ ու չգիտեր` դպրոցն ավարտելուց հետո` ի՞նչ պիտի անի: Սերինեն նույնիսկ պատանեկության տարիների նկարներ չունի, միայն մի քանիսը, այն էլ` շատ վաղ հասակի, չէր սիրում նկարվել և, առհասարակ, լինել ուշադրության կենտրոնում:

Serine (2)

Մի օր որոշեց, որ պետք է իր սիրած անիմե հերոսներին նկարի, նկարեց, ու դրանք ամենևին էլ վատ չէին ստացվել: Հասկացավ` պետք է նկարել ու դառնալ ոչ թե` տնտեսագետ կամ հոգեբան, այլ` նկարչուհի: Մութ ստվերներում ապրող աղջիկը գտավ իր աշխարհը, գտավ իր երազանքները: Ընկերուհու խորհրդով Գեղարվեստի ակադեմիա ընդունվեց` 0 կուրս, որոշ պատճառներով չշարունակեց ուսումը, բայց երբեք չհրաժարվեց նկարելուց. ավելին` հիմա նա տասնյակ նկարներ ունի ու պատրաստվում է ցուցահանդեսի, հավատում է, որ իր երազանքների երկիր Ճապոնիայում էլ կցուցադրի նկարները և ցուցահանդեսների շարքը կտարածի ամբողջ աշխարհով:

Սերինեն այժմ, բացի նկարելուց, ճապոներենի դասընթացների է հաճախում, հիմա արդեն լավ տիրապետում է իր երազանքների լեզվին: Նա նաև կիթառ ու դաշնամուր է նվագում, տատու-արտով ու մեյքափով էլ է զբաղվում:

Serine (5)

Դպրոցական տարիները հաճույքով չի հիշում. դրանց մղձավանջները դեռ հետապնդում են իրեն: Շատ խիստ դպրոց էր հաճախում Սերինեն, ու այնտեղ իրեն շատ էին նեղացնում: Թույլ չէին տալիս շրջազգեստ հագնել ու յուրահատուկ հագուստներով հաճախել դասերի: Երեք ամիս էր մնացել դպրոցն ավարտելուն, երբ հեռացվեց դպրոցից, հետո միայն մի պայմանով սկսեց կրկին դասերին հաճախել, ավարտական վկայական ստանալ. պետք է տաբատ հագներ (որը նա այնքա՜ն չի սիրում): «Երբ ավարտեցի դպրոցը, ուրախությունից լաց էի լինում: Դասարանցիներս չէին սիրում ինձ, նույնիսկ Վերջին զանգին չեմ մասնակցել: Հիշում եմ` վերջին քննությունս հանձնեցի ու վազեցի մազերս ներկելու, վարդագույն ներկեցի»,- հիշում է Սերինեն:

Սերինեն Cosplayer է` անիմե հերոսներին նմանակող, բայց նրա կերպարը հաճախ շատերին «էմո» (EMO) կերպար է հիշեցնում, ու շատ-շատերն իրեն հենց այդպես են անվանում: Բարկանում է, չի սիրում, երբ իրեն «էմո» են կոչում: «Ինձ այնքան են «էմո» ասում, որ մտածում եմ` իմ անունն արդեն էմո է: Կարծում եմ` ով անիմե է նայել ու գիտի, թե դա ինչ է` երբեք ինձ «էմո» չի ասի»,- ասում է Սերինեն:

Շատ մոտ ապագայում լքելու է Հայաստանը, հաստատ է որոշել: Գնալու է Ավստրալիա, հետո նոր` իր երազանքների երկիրը` Ճապոնիա: Անհրաժեշտ գումարի կեսն արդեն հավաքել է. աշխատում էր երկար ժամանակ ու ստացած գումարից ոչ մի կոպեկ չի ծախսել, հավաքել է, ու հիմա իրեն ոչինչ չի կանգնեցնի: Ինչպես ինքն է ասում. «Ես նպատակ ունեմ ու նպատակիս հասնելու համար ես ամեն ինչի պատրաստ եմ»:

Հեռանալու է երկրից, բայց Հայաստանը շատ է սիրում, պարզապես մարդկանց մեծամասնությանը չի սիրում: Սա դեռ տարիների պատմություն ունի. Սերինեն Պարսկաստանի Թեհրան քաղաքում է ծնվել ու կյանքի կեսն այնտեղ է ապրել. ընտանիքն այնտեղ ամեն կերպ փորձել է հայ մնալ: Նույնիսկ բավականին շատ գումար է վճարել, որ նա անպայման հայկական դպրոց գնա ու հայերի հետ շփվի: Շատ էր ուզում Հայաստան գալ, հիշում է նույնիսկ Ձմեռ պապիկին գրած նամակը.

«Այն օրը գտա Ձմեռ պապիկին գրած նամակս. այնտեղ ես խաղալիք չէի ուզում, երազանքս Հայաստան գալն էր, անգամ նամակում խոստացել էի, որ եթե գայի Հայաստան` սկսելու էի միս ուտել, իսկ ես միս ուտել չեմ սիրում»: Կատարվեց երազանքը` 10 տարեկանում եկավ Հայաստան, բայց հիասթափվեց մարդկանցից հենց առաջին օրվանից. համադասարանցիներն իրեն չընդունեցին` պարսիկ էին ասում, իսկ նա հայ է ու հպարտ է դրանով: Այժմ Սերինեն 20 տարեկան է ու վստահ է` մյուս տարիները Հայաստանում չի անցկացնի:

Serine (1)

Շատ հաճախ են Սերինեին հարցնում` ընտանիքը դեմ չէ՞ իր կերպարանափոխությանը, իսկ նա պատասխանում է` ամենևի՛ն: «Ինչո՞ւ պետք է դեմ լինեն, եթե գիտեն, որ սա իմ երազանքն է»,- պատասխանում է նա: Նրանք էլ փորձում են Սերինեին օգնել ու հաճախ խորհուրդներ տալ: Օրինակ, մայրը չի հավանում, երբ աղջիկը կապույտ գույնի է մազերը ներկում` վարդագույնն է սիրում, իսկ եղբայրը քրոջը կարմիր մազերով է հավանում, բայց Սերինեն կապույտն է ամենից շատ սիրում` կապույտի բոլոր երանգները:

Այսօր Սերինեին նաև նմանակողներ կան, շատերը սիրում են իրեն ու իր ստեղծած կերպարը և միշտ ոգեշնչում են նրան, ասում են` կողքին կանգնած են լինելու` ինչ էլ որ պատահի: Նա հիմա գիտի, որ շատ աղջիկների համար լավ օրինակ է, ու կարծում է` պետք չէ վախենալ հասարակությունից, հասարակական կարծիքից: Կարևորը՝ լինես այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, ու դրան հասնելու համար ուժեղ լինես, հաղթահարես բոլոր դժվարությունները: Մի բան հստակ է, նա երբեք չի փոխելու իր այժմյան կերպարը, հավատացնում է` ուրիշ Սերինեի հաստատ չենք տեսնի: Չի վախենում ոչ մեկից ու չի հանձնվելու երբեք, ինչպես ինքն է ասում` «Չեմ փոխվելու, թող իրենք փոխվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս