«Ադրբեջանի նպատակը՝ լարվածություն պահելով քաղաքական զիջումներ պարտադրելն է». Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը, իրականացնում են բավականին բարդ միջազգային և տարածաշրջանային զարգացումների պայմաններում:
Ըստ նրա՝ դրանք իրենց ազդեցությունն են ունենում պաշտպանական քաղաքականության վրա.
«Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, փոփոխվող միջավայրին ադապտացվելու ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն և այլն»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ 2014թ. համաշխարհային զարգացումները ցույց տվեցին, որ աշխարհը թևակոխել է զարգացման նոր շրջափուլ, Հարավային Կովկասում և դրան մերձ տարածքում առկա են անվտանգության ապակայունացման լուրջ միտումներ.
«Առկա հակամարտություններից բացի՝ մտահոգիչ են միմյանց տրամագծորեն տարբեր անվտանգության ու պաշտպանական դաշինքներին և ուժային կենտրոններին հարելու՝ պետությունների որդեգրած քաղաքականությունները:
Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից՝ այդ երկրի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ՝ աննախադեպ լավածության մեջ պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանները՝ պարտադրել քաղաքական զիջումներ:
Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը՝ սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացում:
Ողջ նախորդ տարվա ընթացքում հակառակորդը իրականացրել է, և նաև այս տարի շարունակում են դիվերսիոն հետախուզական գործողություններն ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և դիտավորյալ, և պլանավորված բնույթ և նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր ուժերի պաշտպանության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախորդ տարին աննախադեպ էր լարվածությամբ, սակայն հակառակորդի ձեռնարկած քայլերն ավարտվել են պարտությամբ: