Բաժիններ՝

ՌԴ «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը ավելացել է. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայնի հաղորդմամբ՝ չնայած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարեսկզբից ավելացել է այն հայաստանցիների թիվը, որոնք այլևս չեն կարող մուտք գործել Ռուսաստան՝ միգրացիոն սև ցուցակում հայտնվելու պատճառով:

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, միայն անցած 5 օրվա ընթացքում հայ միգրանտներից մոտ 200 դիմում են ստացել՝ ներման խնդրանքով:

«Անցած ամռանից մենք ստացել ենք 3554 դիմում, որից 3225-ը ուղարկվել է ՌԴ Ֆեդերալ միգրացիոն ծառայություն՝ խնդրանքով, որ ներողամտություն ցուցաբերեն ներկայացված ցանկում ներառված անձանց նկատմամբ և վերացնեն ՌԴ մուտքի արգելանքը»,- տեղեկացրել է Եգանյանը։

Երևանի բնակիչ Մխիթար Սահակյանը վարորդ էր աշխատում բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից մեկում, սակայն արդեն 6 ամիս է՝ Ռուսաստան մուտք գործելու իրավունք չունի: Ասում է միգրացիոն օրենքը խախտել է, բայց ստիպված:

«Սարի մեջ էի մնացել, МЧС-ն է ինձ հաց ու ջուր բերել, ես ո՞նց անեմ, բռնին, ասին՝ շատ ես մնացել։ Դրա համար երեք տարի запрет դրին, չեմ կարում աշխատեմ»,- պատմեց Սահակյանը։

Սիրամարգ Բաբայանը Հայաստանի միգրացիոն ծառայություն էր եկել խնդրագիր գրելու դստեր համար, ում երկու դպրոցական տղաները Ռուսաստանում օգոստոսից առանց մայր են մնացել.- «Աղջիկս արդեն հինգ ամիս է ստեղ է, ընտանիքը՝ էնտեղ։ Запрет են դրել՝ 1 տարի, 8 ամիս»։

Էդիկ Գևորգյանի ընտանիքը ևս Ռուսաստանում է, ինքը, սակայն, հայտնվել է սև ցուցակում: Պնդում է՝ այնտեղ չի աշխատել և որևէ օրենք չի խախտել: Հիմա հնարավորություն չունի անգամ բժշկին տեսնելու, որի մոտ վիրահատվել է։

«Չեն թողնում գնամ իմ առողջության հետևից։ Արտագնա աշխատանքի չեմ գնում, ես իմ առողջության համար իրավո՞ւնք չունեմ գնալու։ Ի՞նչն է պատճառը»,- վրդովվում է Գևորգյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս