Բաժիններ՝

Սուրճը կարող է նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը

Սուրճը շատերի համար օրվա անբաժանելի մի մասն է: Որոշ բժիշկներ պնդում են, որ սուրճն օգտակար է, իսկ մյուսները՝ հակառակը: Սուրճի սիրահարների համար նախապատրաստել ենք մի հրաշալի նորություն: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 4-5 բաժակ սուրճ խմելը կնվազեցնի մելանոմայի (մաշկի քաղցկեղի հատուկ տեսակ) առաջացման ռիսկը:

ԱՄՆ-ում մելանոման 5-րդ՝ ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է, որը մահացության դեպքերի հիմնական պատճառներից է: Ամեն տարի ավելի քան 77.000 մարդու մոտ հայտնաբերվում է այս հիվանդությունը, և ամեն տարի մոտավորապես 9500 մարդ մահանում է դրանից: Չնայած մաշկի քացկեղի հիմնական պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, այնուամենայնիվ, կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են մարդու օրգանիզմում քաղցկեղի առաջացմանը:

Լաբորատոր հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ սուրճի բաղադրության մեջ կան այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են մարդու օրգանիզմում քաղցկեղի առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, այս հետազոտությունները դեռևս ամբողջովին ապացուցված չեն:

Հետազոտություններին մասնակցել է 447.000 մարդ՝ 50-71 տարեկանների շրջանում: Ավելի քան 10 տարվա հետազոտությունների ընթացքում մասնակիցներից 2900-ի մոտ զարգացել էր մելանոմա, իսկ գրեթե 1900-ի մոտ զարգացել էր մաշկի քաղցկեղի մեկ այլ տեսակ:

Հետազոտության ժամանակ գիտնականները պարզեցին, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական 4 և ավելի բաժակ սուրճ են խմում, 20%-ով նվազել է մելանոմայի առաջացման ռիսկը: Այս հետազոտության ժամանակ ուսումնասիրվել էր միայն մելանոմա տեսակի քաղցկեղը՝ կոֆեին պարունակող սուրճի հետ միասին: Մաշկի այլ տեսակի քաղցկեղն ու կոֆեին չպարունակող սուրճի մասին ոչինչ չի նշվում:

Այնուամենայնիվ, ոչինչ հստակ չէ, քանի որ սուրճը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է ունենում: Բայց մասնակիցների մեծամասնության պարագայում սուրճն ավելի շատ օգնել էր՝ քան վնասել:

Ուսումնասիրողներից Էրկա Լոփթֆիլդը խորհուրդ է տալիս՝ այնուամենայնիվ հույսը չդնել միայն սուրճի օգտագործման վրա. «Պետք է պարզապես չափազանց շատ ժամանակ չանցկացնել արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ»,- ասել է Լոփթֆիլդը:

Աղբյուրը՝ forbes.com
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս