2014-ը՝ բարեկեցության տարի՞
2014 թվականի ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7.6%-ով և կազմել 171120 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության զեկույցից, որտեղ ներկայացված են 2014 թվականի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Այդ թվում՝ պետական հիմնարկներում միջին աշխատավարձն աճել է 7.4%-ով և կազմել 150 809 դրամ։ Իսկ մասնավոր հատվածում աճն ավելի շոշափելի է եղել՝ 7.7% (միջին աշխատավարձը՝ 199 711 դրամ)։
Միևնույն ժամանակ, ըստ նույն զեկույցի, տարվա ընթացքում սպառողական գներն աճել են միջինը 3%-ով։ Իսկ մի քանի օր առաջ հրապարակվել էր նաև 12-ամսյա գնաճի (2014թ. դեկտեմբերը՝ 2013-ի դեկտեմբերի համեմատ) ցուցանիշը՝ 4.6%։
Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա ընթացքում աշխատավարձն ավելի արագ է աճել, քան գները։ Իսկ դա նշանակում է, որ բնակչության գնողունակությունն աճել է։