
Վրաստանի արտգործնախարարը հունվարի 28-ին կմեկնի ԱՄՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ: Դա կլինի տվյալ պաշտոնում նրա աշխատանքային առաջին այցը: Այցն իրականացվելու է հունվարի 28-ից մինչև փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն: Նրա խոսքերով՝ Բերուչաշվիլին հանդիպումներ է ունենալու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանությունների, առաջատար հետազոտական կենտրոնների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Բերուչաշվիլին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդում, ինչպես նաև կմասնակցի Վաշինգտոնում Արևելյան Եվրոպայի երկրների դեսպանների հետ պաշտոնական ճաշին: