«Այդ երիտասարդը նրանց Սահմանադրության ուժով չի կարող հանձնվել ՀՀ-ին՝ անգամ, եթե լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մեծագույն ցանկությունը»

«Հայ-թուրքական պետական սահմանի հատման պահին, երբ ենթադրյալ կասկածյալը կամ հանցագործը փորձել է այն հատել, պետական սահմանում պահպանություն իրականացնող սահմանապահները պարտավոր էին «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով արգելանքի վերցնելուց հետո այդ անձին պահել հատուկ հարմարեցված շինություններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին: Այդտեղ որևէ կասկած չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելուց հետո ռուս սահմանապահները պարտավո՞ր էին նրան փոխանցել հայ իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: Ն. Նորիկյանը նաև նկատեց՝ եթե որևէ այլ քաղաքացի փորձում է հատել պետական սահմանը, ի՞նչ է, արգելանքի վերացնելուց հետո նրան պետք է հանձնեն 102-րդ ռազմաբազայի՞ն, թե՞ ՀՀ իրավասու մարմիններին.

norikyan«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հետևաբար՝ այդ հարցը կարգավորվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով, և ռուս սահմանապահների կողմից կատարվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտում, այն է՝ հայ-թուրքական պետական սահմանը հատել ցանկացող անձին նրանք փոխանցել են ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային: Այլ խնդիր է, որ կարող է նախաքննությամբ պարզվել (ենթադրվում է, որ ռուսական կողմը հենց այդ տրամաբանությամբ էլ կարող է տանել նախաքննության ընթացքը), որ այդ երիտասարդը չի ցանկացել հատել հայ-թուրքական սահմանը, այլ ընդամենը հայտնվել է, այսպես ասած՝ ռուս սահմանապահների հսկողության ենթակա գոտում, և իրենք այդ երիտասարդին հանձնել են ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա»:

Նրա խոսքով՝ «Պետական սահմանի մասին» օրենքը նախատեսում է, որ պետական սահմանում հսկողություն իրականացնող սահմանապահների կողմից սահմանի պահպանման կարգի խախտման համար նրանք ենթակա են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն
ԱԺ-ում այդ թեմայով կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել էր, թե քրեական գործի շրջանակներում քննարկվում են նաև հարցերը՝ արդյոք Վալերի Պերմյակովի՝ ՌԴ իրավապահ մարմինների իրավազորության տակ հայտնվելու փաստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի և միջազգային պայմանագրերով սահմանված կարգերի պահպանմա՞մբ, թե՞ ոչ, արդյոք կողմերից որևէ մեկը խախտե՞լ է, կամ ոչ պատշա՞ճ է իրականացրել իր պարտավորությունները, թե՞ ոչ, արդյոք դա հանգեցրե՞լ է անձի օրինական կամ ապօրինի տվյալ իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվելուն:

Մեր հարցին՝ եթե պարզվի, որ սահմանապահները չեն գործել օրենքով սահմանված կարգով, հնարավոր կլինի՞ սպանության մեջ մեղադրվող անձին վերադարձնել ՀՀ իրավազորության տակ, փաստաբանը պատասխանեց, որ որպես քաղաքացի և որպես փաստաբան` կարևորում է նման քննարկումները, սակայն պետք է չանտեսել օբյեկտիվ իրականությունը և հստակ գիտակցել մեկ բան. «Այն պահից, երբ այդ երիտասարդը հայտնվել է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայում, նրա վրա սկսել է տարածվել ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը: (ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է արգելքը, որի համաձայն՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության.- Օ.Հ.):

Կարդացեք նաև

Հետևաբար, այդ երիտասարդը, անգամ ՌԴ պետական, քաղաքական, իրավական բարձրագույն իշխանությունների անթաքույց ցանկության դեպքում չի կարող հանձնվել ՀՀ-ին: Հետևաբար՝ մենք պետք է բավականին սթափ նայենք իրերի այսօրվա վիճակին, գիտակցենք, որ, այսպես ասած՝ գնացքը գնացել է: Այդ երիտասարդը դատվելու է ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետևաբար՝ միակ խնդիրը, որ կարող է առաջանալ այստեղ՝ այն է, թե ի՞նչ ելք է ունենալու ՀՀ քննչական կոմիտեի վարույթում սպանության փաստով քննվող գործը: Դա ես չեմ հասկանում: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դրա իրավակարգավորման մեխանիզմներն ինձ համար այս պահին հասանելի չեն: Ես չգիտեմ՝ դա ինչպես է հանձնվելու ռուսական կողմին:

Մնացածն ընդամենը բարի ցանկություններ են, հետին թվով հայի խելքով վերլուծություններ են՝ իսկ եթե այսպես անեինք, այնպես անեինք: Մինչև երիտասարդին արգելանքի վերցնելու և դրանից հետոյի հարց կա: Այստեղ է խաչվում ամբողջ այս իրադարձությունների զարգացումը: Եթե մերոնք հնարավորություն ունենային այդ երիտասարդին ձերբակալել մինչև ռուսական ռազմաբազայում նրա հայտնվելը, այսօր կանգնած չէինք լինի նման հարցադրումների առաջ:

Ավելին, եթե պետական սահմանապահները նրան հանձնեին ՀՀ իրավասու մարմիններին, ևս չէին առաջանա նման հարցեր: Բայց քանի որ այդ երիտասարդը գտնվում է 102-րդ ռազմաբազայի տիրապետման ներքո, իսկ 102-րդ ռազմաբազան ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն է, հետևաբար՝ նրանց իրավազորության ներքո է, նրանց Սահմանադրության ուժով չի կարող հանձնվել Հայաստանի Հանրապետությանը՝ անգամ, եթե լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մեծագույն ցանկությունը»:

Mushex ShushanyanՓաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս կարծում է, որ Վ. Պերմյակովին հայտաբերելուց հետո ռուս սահմանապահները նրան պետք է հանձնեին ՀՀ իրավասու մարմիններին: Նա հարց հնչեցրեց, թե ինչ իրավական հիմքով են ռուս զինվորականները մասնակցել կասկածյալի որոնողական աշխատանքներին՝ ասելով, թե համաձայն է այն դիտարկմանը, որ դա կատարվել է Ոստիկանության թողտվությամբ:

«Եթե մենք հիշենք ՀՀ ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, որ նրան հայտնաբերելուց դեռևս 2 ժամ առաջ Ոստիկանությանը հայտնի է եղել նրա գտնվելու վայրը, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այսինքն՝ Ոստիկանությունը, տեղյակ լինելով նրա գտնվելու վայրի մասին, չի շտապել նրան րոպե առաջ ձերբակալել և թույլ է տվել, որ ռուսները նրան հայտնաբերեն, ձերբակալեն, որպեսզի չհանձնեն ՀՀ իրավազորությանը, հայ իրավապահներին: Այս պայմաններում արդեն շատ հիմնավոր են դառնում հնչեցվող այն տեսակետները, թե, այսպես ասած՝ քաղաքական որոշման արդյունքում է հնարավոր դարձել, որ նա հայտնվի ռուսական ռազմաբազայի տարածքում, և նրա գործի քննությունը կատարեն ռուս իրավապահները»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վ. Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել, Մ. Շուշանյանը պատասխանեց.

«Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել ՀՀ իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, և վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան ՀՀ իրավազորությանը հանձնելը բացառվում է: Այսինքն՝ չեմ կարծում, որ նրան որևէ դեպքում կարող են հանձնել ՀՀ իրավազորությանը: Դա խախտումներո՞վ է տեղի ունեցել, թե՞ ոչ, այդ հարցն առհասարակ չի քննարկվի: Եթե հիմա նույնիսկ իրավական հիմնավորում տրվի, որ նա պետք է հանձնվեր, բայց չի հանձնվել, մենք փաստ ունենք, որ նա հիմա ՌԴ իրավազորության ներքո է, ու չեմ կարծում, որ նրան կհանձնեն»:

Նա նաև կարծիք հայտնեց, որ հետագայում ՀՀ քննչական կոմիտեի կողմից բոլոր նյութերը կհանձնվեն ՌԴ իրավապահ մարմիններին. «Խնդիրն այն է, որ թեպետ հայ իրավապահները մեղադրանք են առաջադրել նրան, ու հայտարարվեց, որ նա էլ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց քանի որ մեղադրվող անձը չի գտնվում հայ իրավապահների տրամադրության ներքո, հայկական կողմը զրկված է նրա գործը ՀՀ դատարան տեղափոխելու և արդարադատության առաջ նրան կանգնեցնելու հնարավորությունից: Այնպես որ, հայ իրավապահների դերն ընդամենը սահմանափակվելու է նրանով, որ նրանք այդ քննչական գործողությունների արդյունքները տրամադրեն ռուս իրավապահներին, և հետագայում դա ռուսական դատարանի կողմից որպես ապացույց գնահատվի»:

Տեսանյութեր

Լրահոս