Ֆանտաստիկայի ժանրից է. «Սպանվածները տարբեր սենյակներում են քնել, ինչպե՞ս կարողացավ նա մի քանի վայրկյանում բոլորին ոչնչացնել, որ ոչ ոք ոչ դիմադրեց, ոչ կարողացավ շարժվել». 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ, հրապարակախոս Էլդա Գրինի հետ
-Տիկին Գրին, վստահ եմ, հետևել եք Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքերին: Դուք՝ որպես մասնագետ, ինչ գնահատական կտաք կատարվածին: Ինչպե՞ս է հնարավոր, որ մեկ անձը գնար 7 հոգու սպանության:
– Դե, այդ հարցին հստակ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ պետք է մի շարք փորձաքննություններ կատարվեն: Սակայն ինձ համար շատ տարօրինակ և անհասկանալի հարցեր կան: Մասնավորապես՝ տպավորություն է, որ և՛ այդ զինվորի ծառայության վայրում՝ ռազմաբազայում, և՛ ամբողջ Գյումրիում կարծես բոլորը լեթարգիական քուն էին մտել այդ օրը, քանի որ ոչ ոք չի նկատել, թե նա ինչպես է դուրս եկել ռազմաբազայից, ինչպես է քայլել քաղաքով: Ոչ էլ նկատել են, թե ինչպես է նա կոտրել Ավետիսյանների տան դռան ապակին, ապա նաև կրակոցները: Ոչ ոք, ոչ մի շունչ չի տեսել ու չի լսել այդ օրվա դեպքերը: Դա հավատալու չէ:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ կասկածյալն իր հետևից այդքան հետք թողներ՝ հագուստ, զենք, անվանական կոշիկներ: Հնարավո՞ր է այդպես:
-Իմ պրակտիկայից կարող եմ ասել, որ հիմնականում, շատ քիչ բացառությամբ հանցագործը, մանավանդ մարդասպանը, աշխատում է հետքերը թաքցնել և ոչ թե տվյալ դեպքում շորերը կոշիկները թողնել ու ակնհայտորեն ցույց տալ, որ ինքն է արել: Դա անհնար է, խելքին մոտ բան չէ: Հոգեբանորեն դա առնվազն տարօրինակ է: Իսկ տվյալ դեպքում ճիշտ հակառակն է: Նա իբր ուզել է ջուր խմել, բայց դրա համար Գյումրիում շատ ցայտաղբյուրներ կան, որոնցից նա կարող էր ջուր խմել, և պարտադիր չէր 3 կիլոմետր ճանապարհ անցնել դրա համար: Այս ամբողջ պատմությունը լկտիության աստիճանի հասնող սուտ է:
Եվ հետո, շատ կարևոր է այն հանգամանքը, որ սպանվածները տարբեր սենյակներում են քնել, ու ինչպե՞ս կարողացավ նա մի քանի վայրկյանում բոլորին ոչնչացնել, որ ոչ ոք ոչ դիմադրեց, ոչ կարողացավ շարժվել, ոչ մի բան: Սա ևս ֆանտաստիկայի ժանրից է: Եվ սա ևս իմ կարծիքով կատարյալ սուտ է: Եվս մեկ դիտարկում. ինչպե՞ս կարողացավ նա այդ ցրտին այդքան արագությամբ գնալ հասնել Բայանդուր գյուղ, որ կրկին ոչ ոք չի նկատել: Սա ևս հանելուկային է և նույնպես ինձ հավատ չի ներշնչում: Միայն լուսանկարներից ինձ համար պարզ է, որ նա բավական լկտի և ինքնահավան տղա է, բայց պնդում եմ՝ միայն փորձաքննությունները կտան այդ հարցերի պատասխանները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: