
Նավթային շուկաներն անմիջապես արձագանքել են սաուդյան թագավորի մահվան մասին տեղեկությանը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նավթային շուկաներն ակնթարթորեն արձագանքել են Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան մասին տեղեկատվությանը: Այդ լուրի հայտնվելուց անմիջապես անց WTI տեսակի հում նավթի գինն աճել է 2 տոկոսով՝ հասնելով մինչև մեկ բարելի համար 47 դոլարի գնին:
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահն իր 90-ամյակը բոլորել էր նախորդ տարվա օգոստոսին, իսկ սաուդյան գահին բազմել էր 2005 թվականին: Այժմ նրան փոխարինել է նրա եղբայր, 79-ամյա Սալման իբն Աբդուլ Ազիզի ալ-Սաուդը: Իշխանափոխությունն անցել է խաղաղ:
ԱՄՆ-ի էներգետիկ գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիային է բաժին ընկնում նավթի հետախուզված պաշարների 16 տոկոսը: Սաուդյան Արաբիան համարվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) առաջատարը, և որպես այդպիսին՝ նա զգալի ազդեցություն ունի էներգակիրների գնի ու Մերձավոր Արևելքի քաղաքական կայունության վրա: