Ասկերովի առնչությամբ այլ պետության կողմից զանգեր, առաջարկներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Դավիթ Բաբայանը` Լավրովի հայտարարության մասին

Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության ֆոնին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը ՌԴ քաղաքացի, ԼՂ-ում ցմահ ազատազրկման դատապարտված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի հարցը հայկական կողմի հետ քննարկելու մասին:

Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, թե չի՞ պատրաստվում արդյոք ՌԴ-ն դիմել Հայաստանին Ասկերովի հարցով, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը պատասխանել է, որ  Ռուսաստանը պատրաստվում է ԼՂՀ-ում նախորդ տարի կալանավորված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի՝ ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի հարցը քննարկել հայկական կողմի հետ:

Սակայն նրա այս պատասխանը հայաստանյան լրատվամիջոցները միանշանակ չեն համարում, ավելին, կասկածներ կան, որ ադրբեջանցի լրագրողի հարցը շփոթեցրել է նախարարին, և նա չի մտաբերել, թե իրականում ում մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ ոստիկանության կողմից 2014 թվականի հուլիսին ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերված և ձերբակալված երկու անձանցից մեկն է, ով ԼՂՀ դատարանի վճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու, ազգային ատելության շարժառիթով սպանություն գործելու մեջ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Լավրովի պատասխաններն անհարկի շահարկումների առարկա են դարձել: Ըստ Բաբայանի` ՌԴ ԱԳ նախարարին հարց են տվել, իսկ նա ստիպված պատասխանել և քաղաքավարությունից ելնելով ասել է, թե կզբաղվի այդ հարցով:

«Նման հարցի դեպքում ով էլ լիներ՝ նման պատասխանով պետք է հանդես գար: Չխոսելը ճիշտ չէր լինի, խոսելը, փաստորեն, ևս սխալ ստացվեց:  Ասկերովը դատապարտվել է  Արցախում իր մյուս գործընկերոջ հետ, անցկացվել է  թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան դատավարություն, որի արդյունքում նրա մեղքն ապացուցվել է:  Դատից հետո նրանք իրենց պատիժը կրում են Արցախի տարածքում»,- ասաց Բաբայանը: Նա նաև հստակեցրեց, որ այլ պետության  կողմից մինչ այս հեռախոսազանգեր, առաջարկներ՝ Ասկերովի հետ կապված, չեն եղել  և չեն էլ կարող լինել: «Նրանք կատարել են ծանր հանցագործություն»,- եզրափակեց Բաբայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս