Բաժիններ՝

«Քնած երեխային սրախողխող անելը թուրքի գործ է». ՀՀԿ-ական պատգամավոր

«Այս զազրելի երևույթը վնաս էր առաջին հերթին մեզ, և երկրորդը՝ նաև ռուս ժողովրդին և ռուս պետականությանը, որովհետև փորձ է արվում հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրել»,-այսօրվա ասուլիս ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը նշեց, որ ռուսների համար սա չի կարող լինել անտարբեր բան, ռուսներն ավելի շատ իրենք են շահագրգռված, որպեսզի հայ-ռուսական եղբայրական բարեկամությանը սեպ չխրեն:

Մ. Մինասյանը համոզված է, որ մենք ունենք փայլուն իրավագետներ, իրավաբաններ, քրեական իրավունքի մասնագետներ. «Եթե ի սկզբանե համատեղ ուժերով քննությունը վարվի, ես վստահ եմ, որ այդ մեր ուժերը, իրենց հնարավորություններն ու գիտելիքները օգտագործելով, լիարժեքորեն առաջադրված խնդիրները կլուծեն, և մեզ համար պարզ կլինի ամեն ինչ»:

Հարցին՝ ռուսական ռազմաբազայի և Գյումրու ժողովրդի համատեղ գոյակցությունը հիմա ինչպե՞ս եք պատկերացնում, Մ.Մինասյանն այսպես պատասխանեց.

«Այս գործողությունները ամբողջ ռուս ժողովուրդը չէր կամ ամբողջ ռուսական ռազմաբազան չէր: Դա մի ստոր ճիվաղ է արել»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկը հիշեցրեց 1999 թվականի դեպքը, երբ 102-րդ ռազմաբազայից երկու ռուս զինվոր հրազենով կրակել էին մարդկանց վրա, որի հետևանքով կային զոհեր և վիրավորներ: Մ. Մինասյանը նշեց, որ այդ դեպքը կենցաղային հողի վրա էր, քանի որ այդ զինծառայողները հարբեցողներ են եղել. «Այս մեկը մենք չգիտենք: Թույլ տանք, որ մարդիկ մասնագիտորեն հասկանան, ընկալեն, վերլուծեն և համապատասխան որակավորում տան»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ մինչև չիմանանք՝ ովքեր են արել, աջակցել, չենք կարող վերջնական գնահատական տալ. «Միայն հո այդ սրիկան չէ՞ր, պետք է համակողմանի ուսումնասիրություն կատարվի»:

Հարցին՝ ո՞ւմ էր սա ձեռնտու, Մ. Մինասյանն այսպես պատասխանեց.

«Ես մի խոսք ունեմ, քնած երեխային սրախողխող անելը թուրքի գործ է: Ես այսպես եմ մտածում»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ իսկական հանցագործը կամ հանցագործության պատվիրատուն ազատության մե՞ջ է, Մ. Մինասյանը պատասխանեց, որ իր ասածն ընդամենը այն է, որ երևույթը թուրքի ձեռքի գործ, կարծես, լինի. «Բայց ես չեմ կարող այն խնդրին, որին ծանոթ չեմ, գնահատական տալ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս