«Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է». Հովիկ Աբրահամյանը՝ շահութահարկի դրույքաչափի փոփոխության մասին
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրինագծի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը: Մասնավորապես, բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:
«Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը: Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք և՛ աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ պետք է խրախուսել և բոլորը պետք է խոսեն այս օրենքի նախագծի մասին, որպեսզի դրանից նաև տեղյակ լինեն մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում:
«Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»,- հավելեց վարչապետը: